15/11/2019 09:39
«Ժողովուրդ». Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել: ՀՀ Վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 9 ամիսների արդյունքներով, նվազել է 4.8 տոկոսով: Հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում՝ անցած տարվա ցուցանիշից պակասելով 7 տոկոսով:
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավիճակը այսպես է պարզաբանել. «Այս տարին, օրինակ, ծիրանի համար բարենպաստ չէր: Անձրևներ եկան, որոնք փոշոտման վրա ազդեցին:
Խաղողի հետ կապված մեր գյուղացիները ժամանակին բուժումները չկազմակերպեցին, դարձյալ քիչ բերք հավաքեցին: Խաղողի բերքատվությունը 30 տոկոսով պակաս է եղել: Իրենք ամեն թիվ էլ կարող են նկարել: Կարտոֆիլի հետ կապված խնդիր կա, քանի որ ցանքատարածությունները պակասել են, մարդիկ սերմացու չունեին»:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաև, որ գյուղատնտեսական տարին վատ սկսվեց, քանի որ այս տարի գյուղացիներին չտրամադրվեց վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն, ինչպես նախկինում: