15/11/2019 15:47
Աղբահանության նոր հիմնարկին 600 միլիոն դրամ ավելի գումար տրամադրելը գուցեև ամրացնի «Սանիտեք»-ի դիրքերը արբիտրաժային դատարանում. ավագանու անդամ
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին 2020 թվականի բյուջեով 600 միլիոն դրամ ավելի գումարի տրամադրումը գուցեև ամրացնի արբիտրաժային դատարանում «Սանիտեք» ընկերության դիրքերը։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
««Սանիտեք» ընկերությունը քաղաքապետարանի կողմից իրեն տարեկան հատկացվող 5 միլիարդ 200 միլիոն դրամից վճարում էր բոլոր հարկերը՝ շուրջ 20-22 տոկոս։ Այժմ, աղբահանություն իրականացնող համայնքային հիմնարկն այդ գումարն առհասարակ չի վճարելու, որովհետև ազատված է հարկերից։ Այսինքն՝ 4 միլիարդ 600 միլիոն դրամ մաքուր գումար դրվում է աղբահանություն և սանմաքրում իրականացնելու վրա։ Սա անհամեմատ ավելի շատ է, քան «Սանիտեքին» տրվող գումարը՝ հարկերը հանած։ Իրականում սա փոշի է, որը փչում են քաղաքացիերի աչքերին, և բոլոր հաշվարկները բերում են նրան, որ քաղաքապետարնն անհամեմատ ավելի թանկ ծառայություն է մատուցելու», - նշեց Թեհմինա Վարդանյանը։
Ավագանու անդամն անդրադարձավ նաև Երևանի զարգացման հնգամյա ծրագրի դրույթներին։
«Ներկայացրել են մի ծրագիր, որում նույնիսկ վերելակներ փոխելու կետ չկա։ Պատկերացնո՞ւմ եք մի քաղաքական թիմի բերած զարգացման հնգամյա ծրագիր, որում նման դրույթ ներառված չէ։ Հարց է ծագում. իշխանությունն է՞լ ինչ նախագիծ կարող է բերել՝ ավելի հեշտացնելու քաղաքապետի աշխատանքը», - նշեց ավագանու «Լույս» խմբակցության անդամը։
Հիշեցնենք, որ նույն խմբակցության մեկ այլ անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին 2020 թվականի բյուջեով 600 միլիոն դրամ ավելի գումար է տրամադրվելու։