16/11/2019 09:40
«Ժողովուրդ». «Լուսավոր Հայաստանի» տունն էլ հաճախ կռիվ է ընկնում»
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ 17- հոգանոց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «տունն էլ հաճախ կռիվ է ընկնում»: Խմբակցության նիստերը ժամանակ առ ժամանակ թեժանում են, քանի որ ընդդիմադիր այս թևում մի հատվածը մեղադրում է մյուսին, թե շատ են պաշտպանում իշխանությանը` քննադատական խոսքով չպահելով ընդդիմադիր կեցվածքը: Այդ կարծիքին են Մանե Թանդիլյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Գևորգ Գորգիսյանը, Սարիկ Մինասյանը, Ռուբիկ Ստեփանյանը, նաև Անի Սամսոնյանը:
Այս ֆրակցիայից, ըստ թերթի, հատուկենտ պատգամավորներ են ելույթներ ունենում ԱԺ ամբիոնից, դիրքորոշում արտահայտում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` խմբակցությունում մշտական վեճի թեման գործուղումներն են, դժգոհում են, թե միշտ նույն պատգամավորներն են մեկնում, և այդ արտոնությունն առավելապես Անի Սամսոնյանն ունի:
Պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը խմբակցությունում տարակարծությունների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Նման բան չի կարող լինել. գիտեք ոնց, մենք բոլորս կարծիքներ ունենք, իրար կարանք ներկայացնենք, բայց, որպես էդպիսին, չկա: Բայց որ ասենք` մենք վատ ընդդիմադիր ենք, չենք կարա նման բան հայտարարենք»: