18/11/2019 14:10
Բագրատյան. Գաղտնի նամակներ կան, որոնց մասին հանրությունը չգիտի (Տեսանյութ)
Առաջիկայում պետք է հուշեր գրեմ, ես պարտավոր եմ մանրամասն գրել այն, ինչ տեղի է ունեցել կառավարությունում։ «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում անդրադառնալով իր վարչապետության տարիներին՝ հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Ես պարտավոր եմ գրել այն, ինչ տեղի է ունեցել կառավարությունում մանրամասն․ օրագրերը պահել եմ, բոլորը նայում եմ, ահավոր շատ ինֆորմացիա կա՝ հետագայում սերունդները դա պետք է իմանան, գաղտնի նամականեր կան, որոնց մասին հասարակությունը չգիտի», - ասել է Բագրատյանը։
Խոսելով իր վարչապետության շրջանում ՌԴ նախկին վարչապետ Եգոր Գայդարի հետ ունեցած հարաբերություններից՝ Բագրատյանը հայտարարել է, որ Գայդարը 1990-ականների սկզբին մեծ գործեր է արել Հայաստանի համար և ունի անգնահատելի ներդրում։
«Օրինակ, երբ 1992 թ. ամռանը մենք պարտվում էինք, ճար չկար, թշնամին մտել էր Գանձասար, փլվել էր ամեն ինչ, ես դեռ վարչապետ չէի, և արդեն, ոնց որ թե որոշում կար, որ նրանք (ադրբեջանցիները) մտնեն Ստեփանակերտ, նոր նստենք խոսենք։ Ադրբեջանցիք ունեին օդուժ, մենք չունեինք, արդեն հետագայում՝ 1993 թվականին, երբ դարձա վարչապետ, երկու ամսվա ընթացքում ստեղծեցինք արդյունավետ հակաօդային պաշտպանություն։ Այդ օդուժի դեմ պետք էր պայքարել, և մենք ստացանք հնարավորություն օդային մարտ մղելու Մարտակերտի շրջանում։ Ես ավելին չեմ ուզում ասել հիմա։ Այս քաղաքի լավագույն փողոցներից մեկը պետք է անվանեն և, Ստեփանակերտինը նույնպես, Գայդարի անունով։ Ես հուսով եմ, վստահ եմ, որ մի օր դա կարվի։ Չկար Գայդարը, չկար Ղարաբաղը», - ասել է Բագրատյանը։
Շարունակելով՝ Հայաստանի նախկին վարչապետը նկատել է, որ Եգոր Գայդարի օժանդակությամբ հաջողվեց ռազմի դաշտում վերականգնել հավասարակշռությունը, շանս տրվեց պայքարելու և հաղթելու, հետևաբար Հայաստանի և Արցախի ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի՝ Գայդարի անունը վառ պահելու համար։