18/11/2019 15:02
Բագրատյան. Պատկերացրեք, եթե այն ժամանակ համաձայնեի այսօրվա նախագահի հետ (Տեսանյութ)
Ատոմակայանը չգործարկելու համար մեզ փող էին առաջարկում։ Այս մասին «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադառնալով այն միջազգային ճնշումներին, որոնց ենթարկվել է Հայաստանը 1993 թվականի գարնանը, երբ որոշում է կայացվել վերագործարկել աշխատանքները դադարեցրած Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ)։
«Միացյալ Նահանգների նախագահն, առաջին անգամ Հայաստանի վարչապետին միայն այդ առիթով է գրել։ Նկատի առնելով, որ դա վարչապետի իրավասության հարց էր, ոչ թե նախագահի, նամակ է գրել, որ կօգնենք՝ միայն թե չբացեք։ Առաջարկում էր հետաքրքիր բան։ 1993 թվականի մայիսի սկզբին, հունիսին, ինձ հրավիրեցին Լոնդոն և այնտեղ ինձ հետ հանդիպեց Ատալին (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախկին ղեկավարը): Այնտեղ էր մեր այսօրվա նախագահ Արմեն Սարգսյանը, որը դեսպանն էր: Առավոտյան նա մոտեցավ, ասաց՝ աննախադեպ հաջողություն ունենք՝ Ատալին մեզ փող կառաջարկի չբացելու համար։ Ատալին եկավ, ասաց պետք է ձեզ շնորհավորեմ, մենք նույնիսկ 100 մլն կարող ենք տալ։ Մեր դեսպանը ոգևորված, թե պարոն Բագրատյան, սա աննախադեպ հաջողություն է, ես խնդրեցի, որ ինքը լռի և այլևս երբեք չմիջամտի խոսակցությանը, ինչը հետո տեղի ունեցավ Ատալու հետ։ Եվ ես Ատալուց պահանջեցի 1.5 մլրդ ֆունտ։ Բա ինչո՞ւ 1.5 մլրդ ֆունտ, ասացի, որովհետև նոր ատոմակայան ենք կառուցելու, մենք պերսոնալն ունենք, տեխնիկական անձնակազմ ունենք, ինչ վերաբերվում է դեսպանին, գուցե և սխալ եք հասկացել իրեն։ Հետագայում, իհարկե Արմեն Սարգսյանն արդեն երբ, որ գործարկվեց, ՄԱԳԱՏԷ-ի բորդին բերեց, կարևոր մի քանի մարդ ևս», - ասել է Բագրատյանը։
Մանրամասնելով՝ Հայաստանի նախկին վարչապետը պատմել է, որ իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե ռեակտորի տակը երկրաբանական ճաք է եղել։
Բագրատյանի խոսքով՝ իրենք առաջինը ԽՍՀՄ-ում միկրոսեյսմիկ հետազոտություն են արել և պարզել, որ որևէ նման ճաք չկա, ավելին՝ ՀԱԷԿ-ի ռեակտորը Չեռնոբիլի ռեակտորից չէ և հնարավոր վատագույն դեպքում բացառված է, որ կունենանք այն հետևանքները, որոնք եղան Չեռնոբիլի վթարի դեպքում։