18/11/2019 13:03
Եթե ընդդիմություն է ձևավորվում, թող ձևավորվի. ի՞նչ կարող եմ ասել. Ծովինար Վարդանյան
Եթե ընդդիմություն է ձևավորվում, թող ձևավորվի. ի՞նչ կարող եմ ասել։ Ի՞նչ տագնապի մասին է խոսքը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով «Վերնատուն» ակումբի քննարկումներին և այն կարծիքներին, որ իշխանությունը տագնապած է նոր ակումբի ձևավորումից։
Դիտարկմանը, որ իշխանությունն իր հայտնած կարծիքներով և հայտարարություններով փորձում է ամեն կերպ արժեզրկել նորաստեղծ ակումբի գործունեությունը՝ Ծովինար Վարդանյանը շեշտեց՝ կառույցն արժեզրկել կարող են միայն կառույցի անդամները։
«Եթե իմ գործընկերներն ինչ-որ գնահատական են տալիս, դա իրենց իրավունքն է։ Մարդիկ որոշել են հավաքվել, և եթե գաղափարախոսություն կա, ընդդիմություն կձևավորվի։ Իրենք ազատ են կարծիք հայտնելու, անգամ այնպիսի կարծիք, որ Նիկոլ Փաշինյանը երկրում միապետություն է ձևավորել», - ասաց պատգամավորը։