19/11/2019 14:19
Արայիկ Հարությունյանն այդպես էլ չհասկացավ ընտանեկան, անձնական, կուսակցական ու քաղաքական հարաբերությունների տարբերությունը. Իշխան Սաղաթելյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այդպես էլ չհասկացավ ընտանեկան, անձնական, կուսակցական ու քաղաքական հարաբերությունների տարբերությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով նախօրեին Արայիկ Հարությունյանի և ԵՊՀ դասախոսական կազմի հանդիպմանը, որտեղ նախարարը թույլ չէր տվել կարծիք հայտնել դասախոս Ռիտա Սաղաթելյանին, ով Իշխան Սաղաթելյանի հորաքույրն է։
«Այս ամբողջ ընթացքում հարցի բովանդակությանն անդրադառնալու փոխարեն փորձեց անձնավորել, կուսակցականացնել, պիտակավորել պայքարը, և պետական համալսարանի դոցենտի պարզ հարցից հերթական անգամ ջղաձգվեց և հարցը տեղափոխեց բոլորովին այլ հարթություն։ Հորաքույրս կուսակցական չի, ԵՊՀ-ի դոցենտ է, ու աչքի է ընկել իր քաղաքացիական դիրքորոշմամբ, այդ թվում նաև 2018 թվականի գարնանը, երբ միացել էր իր ուսանողներին», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
Դասախոսների հետ հանդիպմանը, հիշեցնենք, նախարարն ասել էր, թե կոռուպցիոն գործընթացը բացահայտելը բավական բարդ գործընթաց է, և դիմելով ԵՊՀ դոցենտ Ռիտա Սաղաթելյանին, ասել էր. «Բայց Ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը։ Հիմա մենք հարցումն արել ենք, կստանա նաև պատասխանները»։
Երբ դասախոսը փորձել էր հակադարձել Արայիկ Հարությունյանին, վերջինս արձագանքել էր. «Բարի եղեք, լսե՛ք մինչև վերջ, եթե նույնիսկ դա Ձեզ դուր չի գալիս և Ձեր քաղաքական թիմի ականջներին հաճո չէ»։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ դժբախտաբար, այս իշխանությունները սովոր չեն քննադատության.
«Իրենց քննադատող կուսակցությունները կամ անձիք պետք է լինեն հաստիքացուցակով, ու իրենց ժողովրդավարություն հռչակած «Նոր Հայաստանում» իրենց քննադատողների հետ խոսում են շանտաժով ու սպառնալիքով, փորձում են վախեցնելու միջոցով լռեցնել, բայց չեն հասկանում, որ գործ ունեն Դաշնակցության հետ։ Մեզ նման շանտաժներով չեն կարող սպառնալ ու ստիպել, որ հրաժարվենք մեր կեցվածքից։ Հերթական մանիպուլյացիան է, հերթական հարցից շեղելու քայլն է, որը հաջողություն չի ունենալու։ Ես չեմ բացառում, որ իրենք կփորձեն ինչ-որ բաներ սարքել, կարել, վեր հանել ու վերագրել, բայց եթե այդ սխալն էլ անեն, ընդհանրապես այդ ամեն ինչի տակ կմնան»։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս կերպ փորձ է արվում լռեցնել նախարարի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցներին, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց.
«Դաշնակցությանը փորձել են լռեցնել կայսրություններ, միապետություններ, 130 տարի փորձել են ինչ-որ բան անել, ու այդ ֆոնի վրա, խնդրում եմ, պատկերացրեք, թե ով է Արայիկ Հարությունյանը կամ մնացածը, որ փորձեն ինչ-որ բան անել։ Մեր պայքարն անձնական չի, մեր երիտասարդները պայքարում են կրթության, գիտության ու մշակույթի ոլորտում տարվող ապազգային քաղաքականության դեմ։ Այս ընթացքում երբեք որևէ դաշնակցական չի վիրավորել նախարարին, որովհետև սա մեր համար սկզբունք է։ Չնայած, այս իր պահվածքից հետո այլևս չեմ խոստանում»։