19/11/2019 13:51
Սպիտակ տան գլխավոր բժիշկը պատմել է Թրամփի բուժզննման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի դժգոհել կրծքում որևէ ցավից, բուժզննումը Ուոլթեր Ռիդի անվան հոսպիտալում (Մերիլենդի նահանգ) անցած հանգստյան օրերին պլանային է եղել։ Այս մասին ասվում է երկուշաբթի Սպիտակ տան գլխավոր բժիշկ Շոն Քոնլիի տարածած եզրակացությունում:
«Նախագահը կրծքում ոչ մի ցավ չուներ, և ոչ մի բուժզննում կամ բուժում որևէ ծայրահեղ կամ անհապաղ (առողջական) խնդիրների հետ կապված չի ձեռնարկվել»,- ասվում է հայտարարությունում։ Բժշկի խոսքով՝ դա «ստանդարտ, պլանային միջանկյալ բուժզննում էր»։
Շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահը «շատ լարված 2020 թվականի նախաշեմին» որոշել է օգտվել «ազատ հանգստյան օրերից Վաշինգտոնում, որպեսզի սկսի իր պլանային ամենամյա հետազոտությունը»։ Դրա համար նա գնացել է Ուոլթեր Ռիդի անվան հոսպիտալ Մերիլենդի նահանգում։ Գրիշեմը նշել է, որ նախագահը ուղևորության արդյունքում մնում է եռանդուն և առողջությունից չի դժգոհում։
Հանգստյան օրերին նախագահի պաշտոնական ժամանակացույցում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունն ուրբաթ, հոսպիտալ այցելությունը նշված չէր։ Այս ֆոնին Թվիթերի օգտատերերի շրջանում հայտնվել են տարբեր շահարկումներ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի առողջության թեմայով, մասնավորապես՝ լուր է տարածվել, թե Մերիլենդ Թրամփի այցելության պատճառն իբր ցավերն են կրծքավանդակում։