19/11/2019 18:23
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկող օրենքի նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքինախագիծը, որն առաջարկում է քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկել:
Վարման կարգով ելույթում ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նշեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու՝ նկատելով.
«Ցավում եմ, որ իմ որոշ գործընկներներ անձնավորված թիրախավորեցին մեր որոշ պատգամավորների: ԲՀԿ դիրքորոշումն այն է, որ ցանկացած հանցագործ պետք է պատժվի, ցանկացած սպառնալիք մեկուսացվի, սակայն իրավական առումով այս նախագիծը ծայրից ծայր խոցելի է, հետևաբար, մենք քվեարկելու ենք դեմ»:
«Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը հակադարձեց, որ իրենք թիրախավորել են ոչ թե պատգամավորի, այլ իրենց ելույթներում ուղղակի մեջբերումներ են արել ԲՀԿ-ական որոշ պատգամավորների ելույթներից:
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ նշեց՝ թեև գաղափարն ընդունելի է բոլորի կողմից, բայց բուն իրավական խնդիրներ կան, հետևաբար «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի:
Նախագիծն ընդունվեց 73 կողմ, 11 դեմ, 9 ձեռնպահ ձայներով: