20/11/2019 11:05
Դատարանն արձանագրել է, որ Արսեն Բաբայանի իրավունքները եղել են խախտված (Տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, այսօր հրապարակեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ փաստաբանների ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում կայացված որոշումը։
«Դատարանն արձանագրել է, որ Արսեն Բաբայանի իրավունքները եղել են խախտված՝ հիմնավոր համարելով պաշտպանության կողմի ներկայացված գրեթե բոլոր փաստարկները՝ սկսած հիմնավոր կասկածի բացակայությունից, ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման ժամկետների խախտումից, քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից մինչև կալանավորման համար օրենքով սահմանված հիմքերի բացակայություն», - դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Փաստաբանը նշեց, թե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Բաբայանի նկատմամբ արդեն իսկ կիրառված է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց ու նա ազատության մեջ է, դատարանը ֆորմալ առումով որոշել է մերժել ներկայացված բողոքը։
«Որոշման տեքստը ստանալուց ու դրան ծանոթանալուց հետո կորոշենք` արդյոք այն մեզ բավարարում է ողջ ծավալով, թե՝ ոչ», - նշեց փաստաբանը։
Արսեն Բաբայանն էլ ընդգծեց` որոշման տարբերակներից մեկը, ինչն այսօր կայացվեց, իրենք մտածել էին։
«Մենք պաշտպանական թիմի հետ մտածել էինք, որովհետև այդտեղ կա ընդամենը իրավաբանական խնդիր», - ասաց նա։
Արսեն Բաբայանը շատ կարևորեց, որ արձանագրվի իր իրավունքների խախտումը։
Հիշեցնենք՝ դատախազությունը որոշում է կայացրել փոխել Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը։
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ էին ներկայացրել:
Բաբայանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Հոկտեմբերի 22-ին ՀՔԾ-ն որոշում էր կայացրել ձերբակալել Բաբայանին: Դատարանը ոչ իրավաչափ էր համարել նրա ձերբակալությունը, սակայն բավարարել ՀՔԾ միջնորդությունը՝ Բաբայանին կալանավորելու վերաբերյալ։