20/11/2019 21:22
«Մեզ խաղաղություն է պետք». Նիկոլ Փաշինյանի ու ադրբեջանցի բլոգերի հարցուպատասխանը թեժ էր (Տեսանյութ)
Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ:
Եկեղեցում էր ադրբեջանցի բլոգեր, որը հայտարարեց, թե հարց ունի Հայաստանի վարչապետին:
«Դադարեցրեք պատերազմը, մեզ պատերազմ պետք չէ: Ազատեք մեր հողը, որպեսզի ես կարողանամ տեսնել մեր Խոջալուն, մեր Շուշին», - հայտարարեց ադրբեջանցի բլոգերը:
Մինչ անվտանգությունը փորձում էր դուրս հրավիրել ադրբեջանցուն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց թույլ տալ հնչեցնել հարցը:
Ադրբեջանցի բլոգերը երաշխավորություն խնդրեց ՀՀ վարչապետից՝ իրեն հնարավորություն կտա՞ն հետո այնտեղից դուրս գալու:
«Այո, ես երաշխավորում եմ», - վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:
«Դուք մտել եք հայկական եկեղեցի ու հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Իմացեք, որ չէր լինի այնպես, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որին ներկա կլիներ Ադրբեջանի նախագահը», - ասաց վարչապետ Փաշինյանը:
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Վարչապետը հույս հայտնեց, որ Ադրբեջանի նախագահը կընդունի իր առաջարկը և կանի հայտարարություն, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: