20/11/2019 16:01
Փաշինյանի առաջ քաշածը հակամարտության կարգավորման բանաձև չէ. փորձագետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշածը ոչ թե Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունք կամ բանաձև է, այլ մոտեցում գործընթացին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ երեկ ռուս լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեցրեց իր մոտեցումը, որ Արցախյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
«Ես, անկեղծ ասած, նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով, այլ ոչ թե իմ նախորդների բանաձևերով: Ես այդ բանաձևի մասին արդեն խոսել եմ հրապարակային, ինչպիսին է իմ բանաձևը, որը ես առաջարկում եմ: Ես ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար», - ասել է Փաշինյանը։
Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Հերմինե Մխիթարյանը նշել է.
«Փաշինյանի առաջ քաշած այս թեզը հակամարտության կարգավորման բանաձև չէ, այլ մոտեցում կարգավորման գործընթացին»:
Փորձագետը հիմնական խնդիրը տեսնում է նրանում, որ հայկական կողմը չի սահմանում իր համար ընդունելի կարգավորման հիմնական սկզբունքը:
«Ադրբեջանն անվերջ հայտարարում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, և կրկնելով աստիճանաբար ամրապնդում է այդ ընկալումը միջազգային հանրության մոտ: Մինչդեռ Հայաստանի ղեկավարի և ԱԳՆ վերջին շրջանի հայտարարություններում ինքնորոշման իրավունքի հիշատակումը բավական հազվադեպ է դարձել», - ասել է նա:
«Եթե նույնիսկ մենք հայտարարում ենք, որ կարևորում ենք Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար լուծման ընդունելի լինելը և դրանով փորձում ենք ցույց տալ մեր կառուցողականությունը, միաժամանակ մենք հստակ պետք է սահմանենք մեր տեսլականը, մեր շահը: Իսկ վարչապետը նույնիսկ դրան ուղղված ուղիղ հարցից խուսափեց և հայտարարեց, որ մեր մոտեցումը հայտնելը կառուցողական չի լինի», - նշել է Մխիթարյանը և ընդգծել.
«Կառուցողական լինելու ձգտումը չպիտի թույլ տա մեր շահերի ոտնահարում»: