20/11/2019 13:15
Գերմանիայի նախկին նախագահի որդուն դասախոսության ժամանակ սպանել են
Գերմանիայի նախագահի պաշտոնը 1984-1994թթ. զբաղեցրած Ռիխարդ ֆոն Վայցզեքերի որդին՝ Ֆրից ֆոն Վայցզեքերը, երեքշաբթի երեկոյան մահացել է բեռլինյան հիվանդանոցում դասախոսության ժամանակ դանակով վիրավորվելուց հետո: Այս մասին հայտնում է RBB լրատվական առցանց պորտալը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Նշվում է, որ հանցագործությունը կատարվել է Բեռլինի Շառլոտենբուրգ շրջանում գտնվող Schlosspark-Klinik-ում, որտեղ սպանվածն աշխատում էր: Անհայտ տղամարդը մոտեցել է նրան և դանակով հարվածել այն պահին, երբ Ֆրից ֆոն Վայցզեքերը դասախոսություն էր կարդում:
Ոստիկանության տվյալով՝ ներկաներից մեկը փորձել է միջամտել, սակայն վիրավորվել է: Շուտով դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժերի աշխատակիցները եւ ունկնդրի օգնությամբ հանցագործին բռնել են: Նրա արարքի դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, կատարվում է քննություն: