20/11/2019 17:56
Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ
Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումից հետո: Ինչպես հայտնում է Կատարի «Al Jazeera» հեռուստաալիքն, այս մասին հայտարարել է Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
Նրա խոսքով՝ «կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնց հրահրել էին օտարերկրացիները»:
Խամենեին նշել է, որ իրանցիներին «հաջողվել է հաղթահարել վերջին օրերի դժվարությունները, չնայած տնտեսական խնդիրներին, որոնք ներկայում առկա են երկրում»:
«Անկարգությունները, որոնք ուղեկցում էին բողոքի ակցիաներին, տեղի էին ունենում տարածաշրջանի ռեակցիոն երկրների, Միացյալ Նահանգների աջակցությամբ», - ավելացրել է նա: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Խամենեին, իրանական ժողովուրդը «թույլ չի տվել, որ Իրանի թշնամիները օգտվեն վառելիքի գների բարձրացման հետ կապված ոչ դյուրին իրադրությունից»:
Իրանի հոգևոր առաջնորդը նաև ասել է, որ «բենզինի գների բարձրացման որոշումը միտված է ինքնաապահովման և սոցիալական արդարության հասնելուն»: