21/11/2019 19:33
Google-ը խստացնում է քաղաքական գովազդ հրապարակելու կանոնները
Google ընկերությունը նախատեսում է խստացնել այն կանոնները, որոնք վերաբերում են քաղաքական գովազդ հրապարակելուն, ասված է ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Google-ի ներկայացուցիչները նշել են, որ այն մտադիր է միջոցներ ձեռնարկել իր հարթակներում զետեղված «քաղաքական գովազդի նկատմամբ ընտրողների վստահությունն ամրապնդելու» համար:
Խոսքն այն հայտարարությունների մասին է, որոնք ցուցադրվում են Google որոնողական ծառայությունում և ընկերությանը պատկանող YouTube պորտալում, նաև հրապարակվում առանձին կայքերում:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Google-ը սահմանափակում է քարոզչական նյութերի թիրախավորման հնարավորություններն օգտատերերի առանձին խմբերի համար: Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ քաղաքական գովազդը կարելի կլինի ուղղորդել միայն հետևյալ հատկանիշներով՝ օգտատերերի տարիքը, նրանց սեռը և գտնվելու վայրը:
Նոր կանոնները Մեծ Բրիտանիայում ուժի մեջ կմտնեն շաբաթվա ընթացքում, Եվրամիության երկրներում՝ մինչև ընթացիկ տարվա վերջը: Google-ը նշված նորմերն ամբողջ աշխարհում կիրառելու է 2020 թվականի հունվարի 6-ից: