21/11/2019 14:35
Բարեգործական համերգ՝ հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ
Արդեն 16 տարի գործող «Լուսինե» կանանց հասարակական կազմակերպությունը նպաստում է միայնակ, հաշմանդամ երեխաներ ունեցող, բազմազավակ կանանց սոցիալական կայունությանը, պաշտպանվածությանը, երեխաների կրթական մակարդակի բարելավմանը, երեխաների կարողությունների զարգացմանը, ընտանիքների ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը:
Կազմակերպության համար կարևոր ավանդույթ է արդեն 12 տարի հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպության հաշմանդամ, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաների համար Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպել բարեգործական ինքնատիպ համերգ հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ուր երեխաները առիթ ունեն լսելու իրենց սիրելի երգիչ-երգչուհիներին ոչ թե հեռուստացույցի էկրաններից, այլ՝ կենդանի կատարմամբ:
Կազմակերպության այս տարվա համերգը, բացի երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելուց, նպատակ ունի իրականացնել հաշմանդամ երեխաների համար կյանքի հմտությունների զարգացման ծրագրեր:
Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, ժամը 19-00-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրայում:
Համերգին ելույթ են ունենալու ինչպես արդեն ճանաչված երգիչներ Վարդան Բադալյանը, Սոնա Շահգելդյանը, Արփին, Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը, Մասիս Հունանյանը, Գոշը, Լիուդուշիկը, Սոֆի Մխեյանը, Մոնիկա Նազարյանը, այնպես էլ բազմակի մրցույթներում հաղթած պատանի երգիչներ Սաթին, Արմանը, Ռուզաննան, Սյուզին, «Էնջլ» պարային համույթը:
Համերգը կվարի Ժակը (Հակոբ Պապիկյան):
Համերգի տոմսեր կարելի է ձեռք բերել տոմսարկղերից, ինչպես նաև Tomsarkgh.am, toms.am, cantact.am էլեկտրոնային կայքերից: