21/11/2019 18:30
Դեկտեմբերի 23-ին ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստն ավարտվեց։
Նիստի ավարտին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ասաց, որ գործկոմի անդամների հետ քննարկում են ունեցել հայկական ֆուտբոլի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Քննարկման արդյունքում առաջարկեցի գործկոմի անդամներին, որ ընդունեն իմ հրաժարականի դիմումը», - ասաց Արթուր Վանեցյանը։
ՀՖՖ գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, որ Արթուր Վանեցյանը որոշել է հրաժարական տալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։
«Մենք ընդունել ենք այդ հրաժարականը և պարոն Վանեցյանին շնորհակալություն ենք հայտնել համատեղ աշխատանքի համար։ Գնահատել ենք միասին մեր ունեցած հաջողությունները։ Քննարկելով ընդհանուր իրավիճակը՝ եկել ենք եզրակացության, որ ֆեդերացիան և հայկական ֆուտբոլը պետք է առողջանան և պետք է սկսել առողջացման գործընթաց», - հայտարարեց Ռուբինյանը։
Նա նշեց՝ որոշում է կայացվել դեկտեմբերի 23-ին հրավիրվել ժողով, որի ժամանակ ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ։
«Իսկ մինչ այդ կա մեկ ամիս և մաքրման գործընթացը պետք է տեղի ունենա։ Պետք է ապահովենք հայկական ֆուտբոլի առողջացում, արդարություն և բոլորս հաջողություն մաղթենք նոր գործկոմին և ֆեդերացիայի նոր նախագահին», - հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։
Նոր գործկոմին, ըստ Ռուբինյանի, պետք է ընտրի ֆուտբոլային հանրությունը և արդեն իսկ մաքրված, լեգիտիմ, ու ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ժողովը։