22/11/2019 11:26
Ոստիկանության 6-րդ վարչությունից այցելել են Սարհատ Պետրոսյանի տուն (Տեսանյութ)
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը newarmenia.am-ին տված հարցազրույցում խոսել է «6-րդ վարչության» աշխատակիցների՝ իրենց տուն այցելելու մասին։
«Ես անկեղծորեն հավատացել և հավատում եմ, որ մեր հեղափոխությունը արժեքային հեղափոխություն էր նաև, և ինձ համար որպես տարիներով իր բնագավառի համար «կռիվ տված մարդ», շատ կարևոր և նույնիսկ շատ էմոցիոնալ որոշում էր, որ ընդունեցի վարչապետի առաջարկը՝ միանալ կառավարության թիմին։ Բայցև, իմ կողմից շատ սրբացված մասնագիտությանս դավաճանել չէի կարող։ Այս բոլոր խնդիրները, որոնց մասին խոսում եմ, տարբեր ձևաչափերով բազմիցս բարձրաձայնել եմ և՛ մինչև հեղափոխությունը , և՛ հեղափոխությունից հետո որպես պետական պաշտոնյա, և՛ հիմա՝ հանրային սեկտորում։ Իմ հայտարարություններին ես գիտակցված եմ գնացել՝ վստահ լինելով, որ դրանք կարող են վիճարկվել դատարանում, որ ոստիկանության որևէ աշխատակից կարող է գալ, իմ ընտանիքի հանգիստը խանգարել, ինչը որ այսօր արել է 6-րդ վարչությունը՝ իմ հայտարարությանը հետամուտ լինելու համար։ Ես դա գիտակցել եմ, բայց համոզված եմ, որ խնդիրների մասին պետք է խոսենք»,- ասել է Պետրոսյանը։
Լրագրողի հարցին՝ ի՞նչ էր փնտրում 6-րդ վարչությունը ձեր տանը, Պետրոսյանը պատասխանել է. «Մի կազմակերպություն հայտարարություն էր արել, թե Սարհատ Պետրոսյանի հայտարարության մեջ պատժելի գործողություններ կան։ Եվ տրամաբանական է, նորմալ է, որ եկել էին։ Ես տանը չեմ եղել, բայց իմ երեխաները, իմ ընտանիքը ստրես են ապրել։ Դա չի կարևորը. իմ ընկերները, տարբեր սերունդների գործընկերներս ինձ ուժ են տալիս, որը կարող եմ փոխանցել իմ ընտանիքին։ Մենք բոլորս ստրեսներ ունեցել ենք թե՛ 2018-ին, թե՛ հիմա, բայց մեր երազած Հայաստանն ունենալու համար ես պատրաստ եմ ամեն ինչի միջով անցնելուն։ Իմ բնագավառում հեղափոխության հիմքում պատկերացրածս արժեքներն իրականացնելու համար ես դրան պատրաստ եմ։ Որևէ պահի չեմ մտածել, որ 2018-ին սկսված պրոցեսները կշրջվեն և որ երկրում կարող ենք հանդուրժել կոռուպցիա հիշեցնող գործընթացները։ Իսկ իմ հնչեցրած ամեն խոսքի տակ կան փաստեր»։
Մանրամասները՝ տեսանյութում։