21/11/2019 23:20
Հայաստանում կան ակտիվ քաղաքականությամբ զբաղվող դրսից ֆինանսավորվող ուժեր․ Արթուր Վանեցյան
Տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել, «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ վարչապետի հանձնարարականների շարքում չե՚ն եղել այնպիսիք, որ տարակուսելու տեղիք տան։
Հարցին, թե արդյոք այսօրվա իշխանությունների կողմից ֆուտբոլն օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք՝ Վանեցյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո»։
Հարցին՝ արդյոք նրա առաջ դրվել է պահանջ ֆուտբոլի 15 տարեկանների հավաքականից հեռացնել ՍԴ նախագահի որդուն՝ Վարդան Թովմասյանին՝ Վանեցյանը բացասական պատասխանեց։
Վանեցյանը նշեց, որ ֆեդերացիայում իր դեմ սկսված դեմարշը սպասելի էր։
Նա առանց մեկնաբանությունների թողեց հարցերն այն մասին, թե արդյոք վտանգված են ՀՀ անվտանգությունն ու Արցախյան հարցի բանակցային փուլը։
Իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ օրակարգում կա՞ր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կալանավորելը, Վանեցյանը անպատասխանեց թողեց։ Նա չպատասխանեց նաև հարցին, թե արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նպաստում է Մարտի 1-ի բացահայտմանը։
Փոխարենը Վանեցյանը դրական պատասխան տվեց հարցին, թե արդյոք հանրությունը մոլորության մեջ է։ Վանեցյանը նաև նշեց, որ կարծում է՝ «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի համար վտանգներ է ներկայացնում։
Նա նաև նկատեց, որ, կարծում է՝ Հայաստանում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, որոնք ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում։ Սակայն Վանեցյանը չպատասխանեց հարցին՝ նրանք հեղափոխականների՚, թե՚ հակահեղափոխականների կողքին են։
Խոսելով իր ապագա գործունեութան մասին՝ Վանեցյանն ասաց․ «Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ հայրենիքիս։ Ես այլ կերպ ուղղակի ապրել չեմ կարող, պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին։ Թե այդ ծառայությունը ինչպես կարտահատվի՝ ժամանակը ցույց կտա։ Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան։ Ես ազատ մարդ եմ՝ կաշկանդված չեմ որևէ բանով։ Թե քաղաքականությամբ կզբաղվեմ, թե հասարակական գործունեոթյամբ, թե այլ գործունեությամբ, դա ես կորոշեմ»։
Հարցին, իսկ եթե իրեն կալանավորեն, Վանեցյանն աաց․ «Ինչի՞ համար»։