22/11/2019 18:58
Իսրայելում ընդդիմության առաջնորդը Նաթանյահուից պահանջում է թողնել վարչապետի պաշտոնը
Իսրայելում «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Գանցը հայտարարել է, որ երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պարտավոր է թողնել իր պաշտոնը և ուշադրությունը կենտրոնացնել իր դեմ առաջադրված մեղադրանքների վրա:
Ավելի վաղ Իսրայելի կառավարության իրավաբանական խորհրդական Ավիխայ Մանդելբլիտը հայտնել է, որ որոշել է վարչապետ Բենիամին Նաթանյահուին կաշառք վերցնելու մեղադրանք առաջադրել այսպես կոչված «4000-ի գործով» և խարդախության ու հասարակական վստահությունը չարաշահելու մեղադրանքներ՝ 2000-ի և 1000-ի գործերով: Ի պատասխան Նաթանյահուն հայտարարել է, որ այդ մեղադրանքների նպատակն իրեն պաշտոնանկ անելն է:
«Ես լիովին վստահում եմ մեր իրավապահ մարմիններին՝ իրավաբանական խորհրդական Ավիխայ Մանդելբլիտի գլխավորությամբ: Ես վստահ եմ, որ նրանք իրենց աշխատանքը կատարում են բարեխղճորեն, ազնվորեն ու պրոֆեսիոնալ կերպով: Իսրայելում չկա հեղաշրջում, ավելի շուտ կան անձինք, որոնք բարիկադավորվել են իշխանության մեջ», - Գանցի խոսքը մեջբերել է նրա շտաբը:
«Նաթանյահուն իր ելույթով ցույց է տվել, որ պետք է թողնի պաշտոնը և ուշադրությունը կենտրոնացնի իր դեմ առաջադրված մեղադրանքների վրա: Նա հիանալի հասկանում է, որ անվտանգության, տնտեսության և սոցիալական ոլորտներում Իսրայել պետության առջև ծառացած լուրջ ու բարդ խնդիրները վարչապետից պահանջում են իր ամբողջ ժամանակը, եռանդն ու ուշադրությունը ներդնելու հնարավորություն», - ասված է հաղորդագրության մեջ: