22/11/2019 11:55
Կոլումբիայում ավելի քան 200 հազար մարդ մասնակցում է բողոքի ակցիաների
Մոտ 207 հազար մարդ Կոլումբիայում մասնակցում է բողոքի ցույցերին, անկարգությունները հեղեղել են երկրի մի շարք խոշոր քաղաքներ, նախագահն ու կառավարությունը քաղաքացիներին խաղաղության կոչ են անում:
«Ընդհանուր առմամբ, երթի մասնակիցները խաղաղ բողոքի ցույց են անցկացրել, մոտ 207 հազար մարդ է մասնակցել այդ խաղաղ երթերին», - լրագրողներին ասել է երկրի Ներքին գործերի նախարար Նենսի Գուտյերեսը:
Ոստիկանությունն էլ հայտնել է, որ հասարակական կարգի խախտման համար ձերբակալվել է 22 մարդ։ Հաղորդվում է 28 վիրավոր ոստիկանի մասին։
Բոգոտայում ցուցարարները հարձակվել են Կոնգրեսի և քաղաքապետարանի շենքերի վրա, կենտրոնում պարեկում են զրահամեքենաներն ու ջրցան մեքենաները, սակայն ցուցարարները չեն ցրվում։ Կալի քաղաքում ցուցարարները փակում են փողոցներն ու արգելափակում հասարակական տրանսպորտի կանգառները, 19․00-ից հայտարարվել է պարետային ժամ։
Բողոքի արտահայտումը սկսվել է ուսանողների և մանկավարժների երթով, սակայն քաղաքական ընդդիմությունը ևս միացել է համընդհանուր գործադուլին։ Քաղաքացիները բողոքում են հանցավորության դեմ պայքարում և տնտեսական քաղաքականությունում իշխանությունների անգործությունից։