22/11/2019 18:51
Բուժման այս փուլում երկրից դուրս գալը ցանկալի չէր, բայց իրավիճակ ստեղծվեց, որ վերադարձս անհրաժեշտություն էր. Անի Քոչարը Հայաստանում է
Արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ Հայաստանում է հայ մոդել, լրագրող Անի Քոչարը, ով մի քանի տարի է՝ բնակվում է Գերմանիայում։ Aysor.am-ի հետ զրույցում լրագրողը շեշտեց՝ սա չծրագրված այց է` կազմակերպված ընդամենը մեկ-երկու օրում, առիթն էլ իր ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունն է:
«Պատճառը մորաքրոջս դստեր մահն էր: Նա մի քանի ամիս էր՝ վատ զգացողություն ուներ, բայց Հայաստանում այդպես էլ չկարողացան ճիշտ ախտորոշում կատարել: Միայն մահվանից հետո պարզվեց, որ քաղցկեղ է ունեցել», - նշեց նա:
2018թ.-ի գարնանը Անի Քոչարի մոտ արյան քաղցկեղ էր հայտնաբերվել, ու Գերմանիայում բնակվող հայուհին պայքարում է դարի չարաբաստիկ հիվանդության դեմ: Խոսելով ինքնազգացողության մասին՝ ընդգծեց՝ հաղթահարել է քաղցկեղը, այժմ ավելի շատ ոչ թե բուժման, այլ՝ բուժման պահպանման փուլում է: Հարցին՝ արդյոք կարելի էր այս փուլում նման ճանապարհ հաղթահարել, պատասխանեց.
«Ես հիմա դեղորայքային բուժում ու թերապիաներ եմ ստանում, բայց ոչ թե բուժվելու, այլ այդ բուժան արդյունքները պահպանելու համար: Հուսով եմ՝ շուտով դա էլ կավարտեմ ու կհամարեմ սա իմ կյանքի ևս մեկ դաժան էջ, որը փակվում է ու այլևս չի բացվելու: Իհարկե, այս փուլում ևս երկրից դուրս գալը ցանկալի չէր, բայց այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ Հայաստանում գտնվելս անհրաժեշտություն էր: Գալուց մեկ օր առաջ հետազոտվեցի, վերադարձից անմիջապես հետո էլ այցելելու եմ բժշկին: Վստահ եմ՝ ամեն ինչ լավ կլինի»:
Անի Քոչարը Հայաստան է վերադարձել ընդամենը երեք շաբաթով, առաջին վայրը, որ այցելել է, Սպիտակի Սուրբ Հովհաննես մատուռն էր: Ասում է՝ բարձրունքում գտնվող այդ սրբատեղի բարձրացել է ուխտով, նաև՝ Տիրոջը շնորհակալություն հայտնելու: Այս օրերին հիմնականում ժամանակը տրամադրում է ընտանիքի անդամներին, հարազատներին ու բարեկամներին: 5-6 տարվա ընթացքում այստեղ բավական գործեր է կուտակել, ու հիմա զբաղվում է նաև դրանք կարգի բերելով:
«Չէ՞ որ Աստծո կամոք եմ փրկվել, հաղթահարել դարի չարիքը: Իմ՝ վերստին ծնվելու համար շատ էի ցանկանում հենց այդ մատուռում Տիրոջը շնորհակալություն հայտնել: Մեկնելու եմ դեկտեմբերի 2-ին, դեկտեմբերի 3-ին որդուս՝ Դավիթի 8-րդ տարեդարձն է, պետք է նրա կողքին լինեմ: Մենակ եկա, քանի որ Գերմանիայում դպրոցում բացակայություններին շատ խիստ են վերաբերվում: Եթե բացակայությունդ անհարգելի է (իսկ անհարգելի համարվում են այն բոլոր բացակայությունները, որոնք հիվանդության հետ կապված չեն), և՛ երեխան, և՛ ծնողը բավական լուրջ խնդիրների առջև են կանգնում», - ընդգծեց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ այստեղ իրեն տանն է զգում, Հայաստանում ամեն բան ու ամենքին կարոտել է: Նկատում է՝ այնքան սեր ու ջերմություն կա նույնիսկ անծանոթ մարդկանց մեջ, մոտենում են, հարցնում որպիսությունը:
«Այս ընթացքում բազմաթիվ անձնական ու գործնական հանդիպումներ եմ ունեցել, հասցրել եմ շատ հարազատ, թանկ մարդկանց տեսնել: Մարդիկ կան, ովքեր ինձ նամակ են գրում ու հանդիպման, զրուցելու ցանկություն հայտնում: Ցավոք, այս կարճ ժամանակահատվածում դժվարանում եմ բոլորին տեսնել: Եթե ստացվի՝ երկրպագուների հետ հանդիպում կկազմակերպենք, եթե չհաջողվի՝ հաջորդ այցիս», - խոստացավ Անին:
Խոստովանում է՝ այս տարիների ընթացքում Երևանը նկատելի փոփոխության է ենթարկվել, անգամ անճանաչելի է դարձել: Միակ վատ բանն այն է, որ քաղաքում օդը չափազանց աղտոտված է, մեքենաները շատ են, ծորակից եկող ջուրն այնքան էլ մաքուր չէ:
«Փոփոխությունները բազմաթիվ են՝ սկսած մարդկանց առօրյայից, կենցաղից, մարդկային փոխհարաբերություններից, մինչև շինարարական ու կառուցողական փոփոխությունները: Չեմ թաքցնի՝ Երևանը բոլորովին նորովի բացահայտեցի ինձ համար, կյանքը եռում է ու բոլորը շտապում են՝ ինչպես Եվրոպայում: Անկեղծ ասած՝ Հայաստանի մասին խոսելիս այնքան էլ օբյեկտիվ չեմ լինում, քանի որ շատ եմ սիրում իմ երկիրը: Այստեղից բացակայությունս միայն ֆիզիկապես է, ամբողջ ընթացքում միտքս, սիրտս ու հոգիս Հայաստանում է եղել», - վստահեցրեց նա:
Լրագրողը դեղորայքային բուժումը շարունակելու է մինչև 2020 թվականի հունվարի վերջ: Գարնանը կրկին Հայաստանում կլինի՝ նոր նպատակներով, նոր ծրագրերով, և, գուցե, ընդմիշտ:
«Մշտական վերադառնալու մասին միշտ եմ մտածել, բայց, ցավոք սրտի, ամեն անգամ ինչ-որ մի բան խանգարել է: Դրանք բավական ծանրակշիռ հանգամանքներ էին: Հիմա էլ բուժումն է, որ ինձ պահում է Գերմանիայում: Առաջ Աստված՝ հունվարին կավարտեմ բուժումները, գարնանը կրկին կգամ և արդեն պարզ կդառնա հետագա անելիքս: Ասեմ, որ գարնանը շատ մեծ նախագծով եմ վերադառնալու: Փակագծերն այժմ բացել չեմ կարող, բայց խոստանում եմ հրաշալի նորություններ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Անի Քոչարը: