25/11/2019 16:17
Ցույց եք տալիս, որ Հայաստան շատ լուրջ ներգաղթ կա. պարզվում է՝ այդպես չէ. Մարուքյան
Արևելյան Եվրոպայի երկրները ներգաղթյալների մեծ հոսքի խնդիր ունեն, իսկ Հայաստանն օբյեկտիվորեն առայժմ այդպիսի խնդիր չունի։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
«Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք պիտի ուղղակի, առանց ինչ-որ զսպող կամ երաշխավորող գործիքների բացվենք ամբողջ աշխարհի առաջ։ Բայց, միևնույն ժամանակ, եկեք չխաբենք մեզ. աշխարհի բոլոր մարդիկ նստած չեն սպասում մեզ, թե երբ են ներգաղթելու Հայաստան՝ բարեբախտաբար և միաժամանակ՝ ցավոք», - ասաց նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին հշեցրեց, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համապատասխան հայտարարությունը։
«Պարոն Բագրատյանը նման հայտարարություն է արել, և ձեր իշխանությունը չի պատասխանել, հետևաբար, ընդունում է այդ հայտարարությունը, որ ներգաղթի թվերը մանիպուլացնում եք այլ ազգերի՝ Հայաստան մուտքով։ Ընդհանուր ստատիստիկան ցույց եք տալիս, որ Հայաստան շատ լուրջ ներգաղթ կա։ Պարզվում է՝ այդպես չէ։ Լավ կլինի, պարոն Ռուբինյան, որ ձեր իշխանությունը հստակ պատասխանի այդ հայտարարությանը, որ մենք պարոն Բագրատյանի կողմից չմանիպուլացվենք», - նկատեց Էդմոն Մարուքյանը։
Ռուբեն Ռուբինյանն ի պատասխան շեշտեց, որ գործընկերը թվերին չի ծանոթացել։
«Պարոն Մարուքյան, եթե գնանք մանիպուլյատիվ ուղղով, կարող ենք ասել, որ երևի մի հարյուր հազար Հնդկաստանի քաղաքացի՞ է եկել Հայաստան, ու ցույց են տալիս, որ լցնում են», - ասաց Ռուբինյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավորը միաժամանակ հայտարարեց, որ Հայաստանում 37 հազար հնդիկ կա, մինչդեռ Ռոuբինյանը հերքեց նրան։
«Պարոն Մարուքյան, հույս ունեմ, որ բացի Բագրատյանից, մեկ-մեկ քաղաքական այլ գործիչների էլ կլսեք», - դիմելով Էդմոն Մարուքյանին՝ ասաց Ռուբեն Ռուբինյանը։