25/11/2019 13:30
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ
Դատարանը բավարարեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը. ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով։
«Սա սպասելի էր, գաղտնիք չէ, թե ինչ ճնշում կա այս գործով դատական իշխանության նկատմամբ», - լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Փաստաբանն ասաց, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։
Ամրամ Մակինյանի խոսքով՝ դատարանը Խաչատրյանների գործով շատ տարբերակված մոտեցում է ցույց տալիս։
«Չկան Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքերը՝ խոչընդոտելու ռիսկը, քննությունից խուսափելը», - ասաց փաստաբանը։
Որոշումը, նրա խոսքով, անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։
ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանը ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին է։
Կարեն Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: