25/11/2019 10:23
ՌԴ դատարանը բավարարել է Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ) 40 օրով կալանավորելու միջնորդությունը
ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:
«ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը», - Facebook-յան իր էջում գրել էՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը»։