25/11/2019 15:50
Գիտնականները սուրճ խմում են, սակայն վարչապետի պատկերացումները բացարձակ իրականությանը չեն համապատասխանում. Վարդան Դևրիկյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տեսակետը, թե գիտնականները առավոտը գնում են գործի, սուրճ են խմում, գալիս են տուն, ու աշխատանքը, արդյունքը չի երևում, բացարձակ իրականությանը չի համապատասխանում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, անդրադառնալով գիտության ֆինանսավորման ավելացման վերաբերյալ հարցին, ասել էր, թե կրթության ոլորտի ֆինանսավորումն աճել է, բայց գիտության մասով գիտնականներից պահանջվելու են կոնկրետ նախագծեր, որի համար կլինի ֆինանսավորում: «Մենք չենք նայելու՝ գիտության ֆինանսավորումը ավելացնենք, որովհետև ֆինանսավորելու համար պետք է հասկանանք՝ գիտությունն ի՛նչ է տալու դրա դիմաց երկրին, պետությանը ժողովրդին: Գիտության ոլորտում հիմա շատ կան մարդիկ, որ առավոտը գնում են գործի, սուրճ են խմում, գալիս են տուն, ու աշխատանքը, արդյունքը չեն երևում», - ասել էր վարչապետը։
«Քանի որ վարչապետի տեսակետը պետք է ձևավորված լիներ իր խորհրդականների, մեր բնագավառի հետ առնչվող մարդկանցից, ովքեր իրեն այդ խորհուրդը տվել են, ասեմ հետևյալը՝ պարզապես պետք է դատել այդ խորհրդականներին, ովքեր նրան նման ինֆորմացիա են տվել և թյուրամիացության մեջ են գցել», - ասաց Վարդան Դևրիկյանը։
Նրա խոսքով՝ պետք է խոնարհվել այն գիտաշխատողների առջև, ովքեր այսօր այդպիսի ֆինանսավորման պայմաններում այդպիսի բացարձակ արդյունքներ են ցույց տալիս։
«Զարմանալ պետք է այն էնտուզիազմի վրա, որ այսքան աշխատանք է արվում, և դա գիշեր ու ցերեկ է արվում։ Ոչ միայն ցերեկն ենք աշխատում, այլ այն, ինչ չենք հասցնում ցերեկը, երեկոներն ենք մեր կյանքի, մեր էներգիայի հաշվին շարունակում անել և դրա առարկայական ապացույցները կան ստեղծված արդյունքներով։ Ակադեմիական յուրաքանչյուր ինստիտուտի տնօրեն կարող է ներկայացնել իր ղեկավարած ինստիտուտի արածները և մարդիկ կապշեն։ Կարծում եմ, որ տարիներ հետո դիսերտացիա կգրեն, թե ինչ հերոսական պայմաններում է գիտությունը հարատևել ու զարգացել և իշխող դիրքեր գրավել Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Գրականության ինստիտուտի տնօրենը։
Հարցին, թե Փաշինյանն այն պաշտոնյան է, ով կարիք ունի, որ խորհրդականնե՞րը ներկայացնեն, թե ինչ վիճակ է գիտության ոլորտում, Վարդան Դևրիկյանն արձագանքեց.
«Այլ բացատրություն չունեմ, որովհետև ներկայացված տեսակետը բացարձակ իրականությանը չէր համապատասխանում։ Ամեն դեպքում վարչապետի յուրաքանչյուր կարծիք պետք է հիմնված լինի տվյալ բնագավառում իր շրջապատի համապատասխան մասնագետների, խորհրդականների ասածի վրա։ Գոնե ես այդպես եմ մտածում, որ դա սխալ ինֆորմացիա է եղել, որը հնարավորություն կտա, որպեսզի վարչապետը վերանայի իր կարծիքը»։
Եզրափակելով՝ Դևրիկյանն ասաց, թե գիտնականները սուրճ խմում են և ընթացիկ բաները կանցնեն, կգնան, բայց կատարած աշխատանքը կմնա։