25/11/2019 16:01
Սպորտի նախարարությունը մրցույթ է անցկացնում, սակայն չեն նշում՝ որքան գումար է հատկացվում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդների և հեղինակային խմբերի շրջանակում անցկացվում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթը։
Փոխնախարար Գևորգ Լոռեցյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ մրցույթին ներկայացվել է 17 հայտ։
«Մրցույթը 2017 թվականից ի վեր է անցկացվում։ Մրցույթն անցկացվում է հանրապետությունում նորարարական մտածողությունը զարգացնելու, սոցիալ-տնտեսական կյանքին երիտասարդների ներգրավվածությունը ապահովելու համար», - ասաց փոխնախարարը։
Դեկտեմբերին Երևանում կկազմակերպվի մրցույթի եզրափակիչ փուլ անցած լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդեսը։ Դրան կհաջորդի հանձնաժողովի նիստ, որում հեղինակները կներկայացնեն իրենց նախագծերը և համապատասխան հանձնաժողովը կգնահատի դրանք։ Մրցույթի հինգ հաղթողները կստանան խրախուսական պարգևներ ու հավաստագրեր։
Փոխնախարարը շատ կարևորեց մրցույթը, սակայն չնշեց, թե պետական բյուջեից որքան գումար է հատկացվել մրցույթի անցկացման համար։
«Այս պահին հստակ թիվը չեմ հիշում», - ասաց Գևորգ Լոռեցյանը։