25/11/2019 12:47
Ամերիկացի գործընկերներին հրավիրել ենք դիտորդական առաքելություն իրականացնել Արցախում. Մակունց
ԱՄՆ կատարած այցի ընթացքում փորձել ենք հնարավորինս հասկանալի դարձնել Արցախյան հարցի շուրջ ՀՀ դիրքորոշումը, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով՝ հայ պատգամավորներն ամերիկացի գործընկերներին հրավիրել են դիտորդական առաքելություն իրականացնել Արցախում առաջիկայում կայանալիք ընտրություններին։
«Մարտ ամսվա վերջ հնարավոր կլինի կազմակերպել մի շարք կոնգրեսականների այցն Արցախի Հանրապետություն», - ասաց Մակունցը։
Անդրադառնալով Միլանի հայկական եկեղեցում ադրբեջանցի «բլոգերի» մուտք գործելու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղելու հայտնի միջադեպին՝ նա նշեց՝ իր համար մեծ հպարտություն էր տեսնել, թե ինչպես է գործադիրի ղեկավարն արձագանքում ադրբեջանցուն։ Մակունցը միաժամանակ իր մտահոգությունը հայտնեց այն առնչությամբ, որ ադրբեջանցի ԱԱԾ-ականը կարողացել էր ազատորեն մուտք գործել մի վայր, ուր գտնվում էր վարչապետը։