25/11/2019 11:57
Ծեծը մասնավոր մեղադրանքի տիրույթից պետք է տեղափոխել հանրայինի տիրույթ. Թագուհի Ղազարյան
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում կան բացեր «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. որքանո՞վ են արդյունավետ օրենսդրական մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:
Պատգամավորի խոսքով՝ նախ մասնավոր և հանրային մեղադրանքների փոփոխության անհրաժեշտություն կա:
«Օրենսդրական կարգավորումներից առաջնահերթությունն այն է, որ ծեծը մասնավոր մեղադրանք է համարվում, և որոշ դեպքերում, մանավանդ մարզերում ու փոքր համայնքներում, երբ մասնավոր մեղադրանքով կինը բաժին է դիմում, այնպես է ստացվում, որ ոստիկանները ավելի շատ փորձում են հաշտեցման տանել, որովհետև հիմնականում իրար ճանաչում են, նույն թաղում են ապրում և այլն: Մենք ցավալի դեպք ունեցանք, երբ կինը երկու անգամ ծեծի մեղադրանքով մոտեցել էր բաժին, երկու անգամ հաշտեցրել էին, մեղադրանքը հետ էր վերցրել, բայց երրորդ անգամ, արդեն կնոջը մահացած էին գտել, ինչը նշանակում է, որ նման մեղադրանքները պետք է հանրային մեղադրանք լինեն ոչ թե մասնավոր, որպեսզի ընտանեկան բռնությունների պարագայում այդ մեղադրանքները հետ կանչել չլինի», - մանրամասնեց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ օրենսդրական կարգավորման դաշտ բերելու անհրաժեշտություն կա նաև ստիպողաբար ամուսնությունների և հղիության ընդհատման դեպքերը: