25/11/2019 18:39
Շատ ուրախ եմ, որ կան նման մարդիկ. դա նշանակում է՝ անհանգստացրել եմ իրենց. Մաննե
Երիտասարդ հայ կինոռեժիսոր Մաննեի «Ճայը» ֆիլմը օրերս ներկայացվեց Սոչիի Միջազգային Կինոփառատոնում: Aysor.am-ի հետ զրույցում ռեժիսորն ընդգծեց՝ ոգևորող ու պարտավորեցնող է նույն կինոփառատոնի շրջանակներում ներկայանալ աշխարհահռչակ ռեժիսորների կողքին:
«Ինձ համար մեծ պատիվ էր լինել այնտեղ, նույն գորգի վրա, որտեղ քայլում էին Կիմ Կի Դուկը, ռուսական էստրադայի և կինոյի աստղեր, հայտնի կինոգետներ: Նաև ոգևորիչ էր կարծիքներ լսելը. Կիրիլ Ռազլոգովն ասաց, որ ֆիլմս շատ է հավանել, այն իր համար պոեզիայի և կինոյի արանքում արված աշխատանք էր: Կիմ Կի Դուկն էլ խոստովանեց, որ թեև լեզուն չի հասկացել, բայց զգացել է ֆիլմը: Իսկապես, սա մեծ պարգև է ինձ համար: Նաև ասեմ, որ Սոչին ինձ շատ դուր եկավ: Ես Ռուսաստանում հաճախ լինում եմ, բայց Սոչիում առաջին անգամ էի: Փորձում էի համատեղել փառատոնի գործերը, երբեմն էլ ուղղակի փախչում էի ու վայելում աշնանային ծովը: Կարծում եմ՝ դա ինձ համար ինչ-որ բան գրելու նյութ կդառնա: Ամեն ճանապարհորդություն թողնում է լավ հուշեր, և նոր ընկերներ ձեռք բերելու առիթ է դառնում», - նշեց մեր զրուցակիցը:
Ֆիլմում բազմաթիվ կերպարներ են միավորվում՝ սկսած Յուրի Գագարինից մինչև Օպենհեյմեր: Անդրադառնալով գաղափարին՝ Մաննեն նկատում է՝ այն ինչ կա իր ներսում, վերածել է տպավորությունների ու փոխանցել էկրանին: Թեման հուշել է ֆիլմի պրոդյուսեր Արարատ Գրիգորյանը, ով էլ առաջարկել է Ա.Չեխովի մոնոլոգը դարձնել ֆիլմ:
Հարցին՝ ինչպե՞ս են հայ կինոգործիչները վերաբերվում երիտասարդ գործընկերոջ հաջողություններին, արդյոք խանդը տեղ ունի նրանց հարաբերություններում, ժպիտով պատասխանեց.
«Դա բացահայտ չի արվում, սակայն միշտ ինձ մոտ տեղ է հասնում, թե ով այսօր գիշերը չի կարողացել քնել: Ես շատ ուրախ եմ, որ կան նման մարդիկ, դա նշանակում է, որ անհանգստացրել եմ իրենց»:
«Ճայը» ֆիլմի հաջորդ կանգառները Իտալիան և Բրազիլիան են: