26/11/2019 12:10
Միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ, վերջինս իրավապահներին խնդրում է ուսումնասիրել նյութը
Հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ, գրում է 168.am-ը։
«Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում։ 168.am-ին հասած տեղեկությունով՝ մարզպետը վարչապետի հետ «Հրաշք այգի» ռեստորանում նրա թիկնապահի հարսանիքին մասնակցելուց ժամ առաջ զանգ է ստանում, թե Ջերմուկից վերադարձող վարչապետի գլխավորած պատվիրակությանը պետք է դիմավորի մազպետարանում։ Դրանից հետո որոշում է հապճեպ մտնել գյուղի վարսավիրանոց՝ «կանտովկան դզել տալու»։ Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, և բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից։ Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից՝ անխոս ու վրդովված դուրս է գալիս վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկում վարորդին։
«Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծի է ենթարկվում հենց մուտքի մոտ, և ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնում է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասում է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս», - գրել է կայքը։
Հրապարակմանն արձագանքել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Հայտարարում եմ, որ այս լրատվամիջոցում տեղ գտած տեղեկատվությունը և հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն են։ Եվս մեկ անգամ տվյալ լրատվամիջոցին և իրենցից արտատպած մյուս լրատվականներին հորդորում եմ որևէ նյութ գրելուց առաջ ճշտել դրա իսկությունը։ Հասկանալի է, որ լուրերը ձեզ համար նոր սենսացիայի առիթ են, բայց այս անգամ թույլ տվեք փչացնել ձեր տոնը։
Այս նյութի կապակցությամբ ցանկանում եմ նաև հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը և խնդրել, որպեսզի վերջիններս մանրամասն ուսումնասիրեն տվյալ նյութը և, եթե դրանում հանցակազմ պարունակող հատկանիշներ կան, ապա թող անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ պարզելու տվյալ «դեպքի հանգամանքները» և ինձ մեղսագրվող «հանցանքի» արժանահավատությունը», - գրել է մարզպետը։