26/11/2019 14:11
Քոչարյանի և մյուսների գործով նիստը թեժ է. դատախազն ու պաշտպանը միմյանց մեղադրեցին քաղաքական պատվեր կատարելու մեջ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում թեժ մթնոլորտում շարունակվում է ընթանալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատական նիստում շարունակեց մեղադրանքններ հնչեցնել մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի հասցեին։
«Կա՛մ պարոն Բիշարյանը նախկինում է քաղաքական պատվեր կատարել, կա՛մ հիմա է կատարում», - հայտարարեց փաստաբանը։
Պողոսյանին արձագանքեց մեղադրող դատախազներից Պետրոս Պետրոսյանը։
«Խնդրում եմ ընդհատել պաշտպանին նման հայտարարությունների կապակցությամբ, պաշտպանը չէ, որ նման հայտարարություններով պետք է պիտակավորի ու որակավորի, թե դատախազն ինչպիսի գործողություններ է իրականացնում», - ասաց Պետրոս Պետրոսյանը։
Նա շեշտեց՝ քաղաքական պատվեր կարող է կատարել պաշտպանը, ով անում է նման հայտարարություն։
«Դատախազը ղեկավարվում է քրեական դատավարության օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ, կատարում է իր լիազորությունները», - նշեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը Միհրան Պողոսյանին հորդորեց կոռեկտ արտահայտվել։
Պողոսյանը, սակայն, շարունակեց. «Իմ գնահատմամբ՝ սույն քրեական գործը իրականացվում է մեկ ամբողջական քաղաքական պատվերի շրջանակում»։
Կրկին խոսեց Պետրոս Պետրոսյանը։
«Ես խնդրում եմ դատական սանկցիա կիրառել անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար», - ասաց մեղադրող դատախազը։
Միհրան Պողոսյանը կրկին շարունակեց. «Կամ էն ժամանակ Կարեն Բիշարյանը չի գործել օրենքի հիման վրա, կամ այժմ չի գործում օրենքի հիման վրա, սա հենց բացարկի հիմքն է»։