26/11/2019 10:59
Մեզ ամենևին չի հետաքրքրում հսկողության տակ գտնվող դատական համակարգը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ-ում այսօր մեծագույն մարտահրավերը դատական անկախ համակարգի կայացումն է, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ ԱԺ-ում երկօրյա միջազգային համաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ-ում արձանագրում ենք, որ օրենսդիր ու գործադիր իշխանությանը զուգահեռ դատական իշխանությունն է նաև, որ նպաստել է մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներին: Այսօր մեզ համար առաջնային մարտահրավեր է ունենալ անկախ դատական համակարգ: Ուզում եմ արձանագրել կառավարության կամքը՝ մեզ ամենևին չի հետաքրքրում հսկողության տակ գտնվող դատական համակարգը և մենք սկզբունքորեն դեմ ենք վերահսողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն», - ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ այսօր դատական համակարգը վերից վար պիտի ենթարկվի խորքային փոփոխությունների:
Փաշինյանի խոսքով՝ այսօր ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, բայց պետք է ժողովրդավարությունը ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով.
«ՀՀ-ն այսօր աներկբա ժողովրդավարական երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը հիմա գոյություն ունի ՀՀ-ում որպես էմոցիոնալ արտահայտություն, և դա 2018-ին ոչ բռնի թավշյա հեղափոխության էմոցիանալ շարունակությունն է: Հիմա կարիք ունենք մեր երկրի ժողովրդավարությունը ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով, որ դրա ապագան որևէ լիդերի, անձի, քաղաքական կուսակցության ճաշակից, տրամադրությունից ու հայեցողությունից կախված չլինի», - եզրափակեց խոսքը նա: