26/11/2019 14:27
Քոչարյանի և մյուսների գործով պաշտպանական կողմի դիրքորոշումները կառուցված են հիմնականում քաղաքական հայտարարությունների վրա. մեղադրող դատախազ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին՝ շեշտելով, թե վերջինս կանխակալ վերաբերմունք ունի իրենց պաշտպանյալների նկատմամբ:
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն, անդրադառնալով իր գործընկերոջը ներկայացված բացարկին, ասաց, թե պաշտպանական կողմի դիրքորոշումները կառուցված են հիմնականում քաղաքական հայտարարությունների վրա։
«Դրանք ունեն շատ հստակ հասցեներ։ Բացարկը չի կարող քաղաքական փաստարկների վրա հիմնվել», - ասաց Գևորգ Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է պնդումներին, թե այս գործով դատախազության դիրքորոշումը փոխվել է, դատախազն ասաց՝ այս գործով դատախազության դիրքորոշումը չի փոխվել։
«Այս գործով մի ժամանակահատվածում, մի փուլում, ինչ-որ մի օր փոխվել են գործով ձեռք բերված փաստական տվյալներն ու չեմ զարմացնելու որևէ մեկին՝ ասելով, որ այդ փաստական տվյալները փոխվել են որևէ քաղաքական նշանակություն չունեցող օր», - ասաց Բաղդասարյանը։
Նա նշեց, թե Կարեն Բիշարյանի կողմնակալությունը կասկածի տակ դնելու հիմքեր չկան։
«Հետևաբար, խնդրում ենք մերժել բացարկը», - ասաց Բաղդասարյանը։
Մեղադրող մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ խնդրեց մերժել բացարկի միջնորդությունը։
Այս հայտարարությունից հետո մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Գևորգ Բաղդասարյանը լքեցին նիստերի դահլիճը՝ դատական այլ նիստի մասնակցելու պատճառով։
Վերջիններս դուրս էին գալիս դատավորի համար հատկացված դռնով, ինչին միջամտեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
«Ճի՞շտ եմ հասկանում, որ դատախազները դուրս են գալիս հետևի դռնից, ճի՞շտ եմ հասկանում, որ մտնում են դատավորի համար նախատեսված դահլիճ», - ասաց Օրբելյանը։
Օրբելյանի հայտարարությունից հետո դատախազները հետ եկան ու գնացին մեկ այլ ելքով։