26/11/2019 12:44
Կգործենք ըստ օրենքի. ՀՔԾ պետը՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին
Ազգային ժողովում այսօր լրագրողները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեցին՝ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզո՞ւմ են հայտարարելու, Սասուն Խաչատրյանն էլ պատասխանեց. «Կգործենք ըստ օրենքի»։
Դիտարկմանը, թե Կոստանյանն ասել է՝ երբ դասերն ավարտի, կգա, ՀՔԾ պետն արձագանքեց. «Անձը մեղադրյալ ներգրավվում է այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող մարմինը բավարար է համարում ապացույցների համակցությունը անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար»:
Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ Գևորգ Կոստանյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։
Դիտարկմանը, թե Կոստանյանը հայտարարել է, որ այս գործում արհեստականություն կա, Սասուն Խաչատրյանն ասաց. «Ի՞նչ արհեստականություն, ես չեմ կարող մեկնաբանել պարոն Կոստանյանի ասածները։ Դուք ինձ հարցնում եք՝ 48 ժամվա մեջ իրատեսակա՞ն է Մոսկվայից հասնել Երևան, ես հարցը ձեզ եմ տալիս՝ իրատեսակա՞ն է»։
Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով Գևորգ Կոստանյանին առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։