26/11/2019 11:21
Ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը գաղտնի պահում Սամվել Ալեքսանյանի նվիրած երկու տասնյակ կամազները. Անի Խաչատրյան
Հստակ է, որ գործարար Սամվել Ալեքսանյանը կամազներ է նվիրել Երևանի քաղաքապետարանին, դրանց քանակը, սակայն, պարզ չէ, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հույս հայտնելով, որ Ալեքսանյանի քաղաքական անցյալը չհիշող քաղաքային իշխանություններն այդ առումով պարզաբանումներ կներկայացնեն։
«Այն ուժը, որը յուրաքանչյուր նոր բեռնատարը նկարում և տարածում է, այսօր չի հայտնում՝ այդ մեքենաներն ումից են ստացվել և ինչի դիմաց։ Եթե ամիսներ շարունակ այս ինֆորմացիան պահել են, ես այստեղ խնդիր եմ տեսնում», - ասաց բանախոսը։
Խմբակցության մեկ այլ անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ շուրջ երկու տասնյակ մեքենաների նվիրատվության գործընթացն իրականացվել է գաղտնի, իրենք տարբեր մարդկանցից են իմացել այդ մասին։
«Նոր իշխանության համար թափանցիկությունը շատ կարևոր է։ Գաղտնիության խնդիրն ինչո՞ւմ է, գուցե դա նախկին գործարարների մեղքերի քավությունն է, ովքեր աշխատել են հարկերից ազատված։ Բայց հարց է՝ ինչո՞ւ է այդ ամենը գաղտնի պահվել», - հարց հնչեցրեց ավագանու անդամը։