26/11/2019 19:02
Եղել են նաև մարդիկ, ովքեր ասել են, որ այս ֆիլմն իմ նախորդ ֆիլմերից մի փոքր ավելի թույլ է. Գոռ Կիրակոսյանի «Ազնիվ գողեր» ֆիլմը երկու մրցանակի է արժանացել
Օրերս Հայաստանի կինոթատրոններում անցկացված վիճակագրության արդյունքում հայտնի դարձավ, որ հայ հանդիսատեսն առաջին երեք տեղերը տրամադրել է «Ջոկեր», «Անհայտ բաժանորդ» և «Ազնիվ գողեր» ֆիլմերին, որոնք երեքն էլ 2019 թվականի կինոարտադրանք են: Հետաքրքրական է, որ Հայաստանում պահանջարկ ունեցող կատակերգություններն առաջնային դիրքը զիջում են թրիլերին:
Aysor.am-ը զրուցել է շուրջ երկու ամիս առաջ մեծ էկրան բարձրացած «Ազնիվ գողեր» ֆիլմի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի հետ: Փորձել ենք հասկանալ՝ որքանո՞վ է գոհ արձագանքներից և ի՞նչ հաջողություններ ունի ֆիլմը: Ի դեպ, Տորոնտոյում տեղի ունեցած կինոփառատոնում այն երկու մրցանակի է արժանացել:
- «Ջոկեր» ֆիլմն այսօր, կարծեք թե, ամենապահանջվածներից է: Արդյոք դա կոտրում է այն կարծրատիպը, որ հայ հանդիսատեսը միայն կատակերգություն է սիրում դիտել:
- Ծանոթ եմ այդ վիճակագրությանը, տեղեկացել եմ, որ Հայաստանում ամենաշատը վերջին երկու-երեք ամիսներին դիտել են «Ջոկերը», «Անհայտ բաժանորդը» և «Ազնիվ գողերը»: Շատ ուրախ եմ, որ հայկական ֆիլմերը կարող են մրցել հոլիվուդյան շատ թանկ ֆիլմի հետ: Նաև շատ ուրախ եմ, որ հանդիսատեսն ունի ֆիլմերի այլընտրանք, դա ինձ ոգևորում է, քանի որ հետագայում, եթե ցանկանամ այլ ժանրի ֆիլմ նկարահանել, կարող եմ դրան էլ մոտենալ, քանի որ, պարզվում է՝ այնպես չէ, որ մեր հայ հանդիսատեսը միայն կատակերգություններ է դիտում:
- Սեպտեմբերի 19-ից Ձեր ֆիլմը մեծ էկրաններին է: Հաջողվե՞ց իրականացնել այն, ինչ ակնկալում էիք:
- Ֆիլմի արդյունքի համար շատ ուրախ ենք, կարող ենք ասել, որ արդեն 100 հազարից ավելի հանդիսատես դիտել է ֆիլմը, սա իսկապես մեծ գնահատական է: Հուսով ենք՝ ավելի շատ հանդիսատես կունենանք, և ֆիլմը դուր կգա շատերին: Ակնկալում ենք, որ ֆիլմը դեռ երկու ամիս էլ կմնա էկրաններին:
- Ի՞նչ արձագանքներ եք լսել, թերությունների մասին ակնարկող, կամ՝ բացահայտ ասողներ եղե՞լ են:
- Ընդհանուր առմամբ՝ ստացել ենք դրական մեկնաբանություններ, սակայն եղել են նաև մարդիկ, ովքեր ինձ անձամբ ասել են, որ իմ նախորդ ֆիլմերից այս ֆիլմը մի փոքր ավելի թույլ է: Բայց ես այդպես չեմ համարում, քանի որ սա և մյուս ֆիլմերը շատ են տարբերվում միմյանցից: «Ազնիվ գողերը» նոր է, հետևաբար՝ քայլերն էլ նոր են: Երբ արդեն տվյալները վերջնական կլինեն, այդ ժամանակ հստակ կարող ենք ասել: Ամեն ինչ կախված է հանդիսատեսի քանակից և ֆիլմի դրամարկղից:
- Իսկ կա՞ն բաներ, որ ֆիլմը վերջնական մեծ էկրանին դիտելուց հետո Ձեզ չէին գոհացնում:
- Գիտեք, երբ ֆիլմը նայում էի մեծ էկրաններին, շատ ուրախ էի, քանի որ հասկացա, որ իմ աշխատանքն իդեալական կատարել եմ՝ հանդիսատեսը բարձր ծիծաղում էր ու հաճույք ստանում իմ կատարած աշխատանքից: Իսկապես, ավելի մեծ գնահատական չկա, երբ հասկանում ես, որ կարողացել ես քո մտածածն իրականացնել և հաճույք, ժպիտ պարգևել հանդիսատեսին: Ես կարող եմ ասել, որ «Ազնիվ գողերն» իմ ֆիլմերից միակն է, որ կարողացել եմ շատ մոտ ստեղծել իմ պատկերացումներով իդեալականին, այն, ինչ մենք պատկերացրել էինք, դրա 90%-ի չափով մեզ հաջողվել է անել: Ամբողջ աշխարհում էլ ընդունված է, որ ռեժիսորները ֆիլմ նկարահանելիս փոխզիջումների են գնում՝ գումարի և ժամանակի պատճառով, եթե մեզ թողնես, ֆիլմերը տարիներով կնկարահանենք: Շատ ուրախ եմ, որ այս ֆիլմը կարողացել եմ ներկայացնել այնպիսի ձևով, որի համար ես հպարտ եմ: Իսկապես, շատ կարևոր է, որ մտածածդ կարողանաս իրականացնել, իմ դեպքում 85-90%-ով դա եղել է:
- Ֆիլմի ավարտից տպավորություն էր, որ այն կարող է նաև շարունակություն ունենալ: Կա՞ նման միտում:
- Այո՛, ֆիլմն այնպես է ավարտվում, որ կարող է ունենալ նաև շարունակություն: Մենք սցենարն այնպես էինք գրել, որ ցանկության դեպքում մեր հերոսները կարողանան ընկնել հետաքրքիր այլ արկածների մեջ: Բայց, եթե անկեղծ լինեմ, դեռ չենք մտածել, թե ինչ տեսակ արկածներ պետք է լինեն, հետևաբար՝ դեռ չգիտենք, թե ինչպիսի՞ն կարող է լինել «Ազնիվ գողեր 2» ֆիլմը: Եթե հասկանանք, որ «Ազնիվ գողերն» արդարացնում է իրեն ֆինանսական տեսանկյունից, ապա կմտածենք նաև շարունակության մասին:
- Ի դեպ, դրվագներից մեկում կարելի էր տեսնել նաև Ձեզ: Դա հատո՞ւկ է արվում, թե՞ դերակատարի պակաս կա:
- Ճիշտ եք նկատել, շատ փոքր հատված ես եմ խաղում, սակայն ես խաղացել եմ իմ բոլոր ֆիլմերում, պարզապես այս մեկում ավելի շատ աչք «ծակեցի», քան մյուսներում: Առաջին անգամ որոշեցի նման բան անել «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմում. այնտեղ դիահերձարանում «դիակ» տեղափոխողներից մեկը ես էի, ինձ հետ խաղում էին գլխավոր օպերատորը, իսկ «դիակի» դերում ֆիլմի ադմինիստրատորն էր: Ւմ բոլոր ֆիլմերում փորձում եմ այնպես անել, որ բացի դերասաններից՝ մասնակցություն ունենա նաև իմ նկարահանող խումբը: Շատ ֆիլմերում նրանք փոքր դրվագներով կան, դա իսկապես լավ մթնոլորտ է ստեղծում նկարահանման հրապարակում: Միակ մարդը, ում չեմ կարողացել համոզել, իմ վերջին 4 ֆիլմերի բելգիացի գլխավոր օպերատորն է, բայց չեմ հանձնվել, հույս ունեմ, որ մի օր նրան կհամոզեմ, դա ինձ համար նպատակ է դարձել (ժպտում է- հեղ.)
- Մի փոքր էլ խոսենք «Ազնիվ գողերի»՝ օրերս ստացած մրցանակից: Ինչի՞ մասին է խոսքը:
- Տորոնտո քաղաքում կա մի կինոփառատոն, որն արդեն երկար տարիների պատմություն ունի: Այն կոչվում է «Pomegranate Film Festival»: Նրանք իրականացնում են հայկական ֆիլմերի փառատոն, կազմակերպիչները հայ են, և նրանց նպատակը հայկական ֆիլմերը Կանադայում՝ Տորոնտոյում, հայ հանդիսատեսին ներկայացնելն է: Առաջին անգամը չէր, որ մասնակցում էի այս կինոփառատոնին, արդեն չորրորդ ֆիլմն է, տարիների ընթացքում ստացել եմ տարբեր մրցանակներ: Այս անգամ իմ ֆիլմն արժանացավ երկու մրցանակի, ու առաջին անգամն է, որ մեկ փառատոնի ընթացքում նույն ֆիլմը ստանում է երկու մրցանակ: Արժանացել ենք «Լավագույն ֆիլմ» և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակների, որի համար շատ ուրախ եմ, որովհետև «Ազնիվ գողեր»-ը, լինելով կատակերգական և կոմերցիոն ֆիլմ, ստացավ երկու մրցանակ, սովորաբար նման ֆիլմերը մրցանակների չեն արժանանում: