26/11/2019 14:48
Ես երբևէ կողմնակալ չեմ եղել. Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ
Ե'վ նախկինում, և' ներկայում իմ դիրքորշումը հիմնված է եղել փաստական տվյալների վրա, Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում հայտարարեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը։
Նրան, հիշեցնենք, պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն է ներկայացրել՝ շեշտելով, թե վերջինս կողմնակալ վերաբերմունք ունի իրենց պաշտպանյալների նկատմամբ։
«Երբևէ ես կողմնակալ չեմ եղել, մասնավորապես, ես որևէ դիրքորոշում չեմ արտահայտել, որը հիմնված չի եղել փաստական տվյալների վրա», - ասաց Բիշարյանը։
Նա ընդգծեց՝ ինքը, որպես դատախազ, պարտավոր է իր դիրքորոշումը ներկայացնել՝ անկախ նրանից՝ դա կլինի հրապարակային լսումների ժամանակ, թե՝ դատական քննության փուլում։
«Ես պարտավոր եմ իմ դիրքորոշումը ներկայացնել՝ անկախ նրանից՝ ում համար դա կարող է հաճելի լինել, ում համար՝ տհաճ», - ասաց դատախազը։
Կարեն Բիշարյանը շեշտեց՝ իրեն ներկայացված բացարկի միջնորդությունն ամբողջությամբ անհիմն է ու ենթակա է մերժման։