27/11/2019 10:57
Հաշտության եզրեր չեմ տեսնում, ակնհայտ է, որ այդ հայտարարությունն ուներ ընդգծված քաղաքական նպատակ. Խոսրով Հարությունյան
Խոսրով Հարությունյանը չի տեսնում հաշտության եզրեր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին հետ, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Չեմ թաքցնում՝ անակնկալի եկա, եթե կողմերը որևէ ցանկություն ունենային հաշտության եզրեր փնտրելու, այս ժամանակահատվածը կօգտագործեին դրա համար, եթե չեն արել, ուրեմն կողմերի մոտ նման ցանկություն չկա», - ասաց Հարությունյանը՝ խոսելով դատի հետաձգման մասին:
«Հաշտության եզրեր չեմ տեսնում, ակնհայտ է, որ այդ հայտարարությունն ուներ ընդգծված քաղաքական նպատակ: Այս ֆոնի վրա, երբ ամեն մեկը փորձում է ցեխ շպրտել նախկինների վրա, փորձել օգտվել այդ հնարավորությունից և սևացնել նախկին վարչապետի, ԱԺ նախկին պատգամավորի կենսգրությունը», - հավելեց Հարությանյանը:
Դիտարկմանը, թե Բաբաջանյանի պաշտպանը պնդում է, որ իր պաշտպանյալը չի վարկաբեկել Հարությունյանին, ներկայացված փաստերը խեղաթյուրված են, Հարությունյանն ասաց.
«Ես այնքան եմ ցավում, որ այսօր նիստը չկայացավ, պիտի հարցնեի պարոն Նորիկյանին մեկնաբանել այն նախադասությունը, որ հնչեցրել է իր պաշտպանյալը: Եթե կարդաք ու այլ եզրակացության հանգեք, ուրեմն ես հայերեն չեմ հասկանում»:
Հարությունյանը նաև նկատեց, որ մինչև դատարան դիմելը փորձել է կապ հաստատել Բաբաջանյանի հետ, որպեսզի վերջինս հետ կանչի հայտարարությունը, մինչդեռ պատգամավորը չի արձագանքել:
«Նա իմ զանգերին չի պատսխանել: Կապվել եմ Էդմոն Մարուքյանի հետ՝ որպես խմբակցության ղեկավար, բացատրել իրավիճակը, որ ճիշտ կլինի իրենց խմբակցության անդամին հորդորել իր հայտարարությունը հետ վերցնել, նորից արձագանք չի եղել: Գրավոր եմ դիմել Արարատ Միրզոյանին՝ որպես ԱԺ նախագահ, Էդմոն Մարուքյանին և նույն Բաբաջանյանին, որ օգտվեն առիթից ու հետ կանչեն գործը, այլապես կմտնեն դատարան: Նրանք հրաժարվել են», - ասաց Հարությունյանը: