27/11/2019 14:28
Թալիբների պատվիրակությունն այցելել է Իրան
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում հանդիպել է «Թալիբան» (Ռուսաստանում արգելված) շարժման պատվիրակության հետ, հայտնել է շարժման մամուլի քարտուղար Սուհայլ Շահինը:
«Պատվիրակությունը, որը գլխավորում է շարժման ղեկավարի տեղակալ և Կատարում քաղաքական գրասենյակի ղեկավար մոլլա Բարադար Ախունդը, Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ: Երկու կողմերը քննարկել են Աֆղանստանի հիմնախնդրի խաղաղ լուծումը և հաշտության գործընթացը»,- հայտնել է Շահինը թվիթերում:
«Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները և Իրանում աֆղան փախստականների խնդիրները: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկություն են հայտնել սերտ հարաբերություններ պահպանելու աֆղան ժողովրդի հետ և խոստացել լուծել աֆղան փախստականների խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ: