27/11/2019 16:27
Չի բացառվում, որ ՍԴ դատավորներից որևէ մեկը չօգտվի վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորությունից. Մակունց
ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծն ուղղված չէ ՍԴ-ում ստեղված ճգնաժամը լուծելուն, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Նպատակը ոչ թե ճգնաժամը լուծելն է, այլ քայլեր ձեռնարկել այդ վստահությունը վերակագանելու և առողջացման գործընթացին նպաստելու ուղղությամբ», - ասաց նա:
Մակունցը նկատեց, որ նախագիծը քննարկվել է միջազգային գործընկերների հետ ու առաջարկվել է նաև այդ տարբերակը:
Թե որքանով դատավորները կօգտվեն այս հնարավորությունից՝ Մակուցը դժվարանում է կանխատեսել.
«Չի բացառվում, որ որևէ մեկը չօգտվի դրանից, բայց կարծում եմ, որ սա այն անհրաժեշտ քայլերից է, որը պետք է ձեռնարկել», - ավելացրեց Մակունցը:
Հիշեցնենք ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Սահմանադրական դատարանի մասին» և հարակից օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը, որոնցով առաջարկում է յանքի կոչել 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսված՝ Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը:
Նախագծերով առաջարկվում է ՍԴ դատավորների համար վաղ կենսաթոշակի անցնելու նոր ժամանակավոր մոդել, որը հիմնված է կամավոր սկզբունքի վրա:
Նախագիծը ենթադրում է՝ ՍԴ դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակող դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: