28/11/2019 19:11
Սա մայրաքաղաքային ներկայացում է. Սունդուկյան թատրոնի բեմ կբարձրանա «Թռիչք կկվի բնի վրայով» ստեղծագործությունը
Նոյեմբերի 29-ին Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում թատերական մեծ պրեմիերա է լինելու. թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի վարկածով ու բեմադրությամբ բեմ կբարձրանա Կեն Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» ստեղծագործությունը:
Առաջնախաղին նախորդած ասուլիսի ժամանակ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց՝ սա մայրաքաղաքային ներկայացում է, 97-րդ թատերաշրջանը մեկնարկել են հենց այս գործով, և ինքը հպարտ է, որ բեմում նման որակի ներկայացում են ունենալու:
Ներկայացման մեջ խաղում են Անի Պետրոսյանը, Դավիթ Գասպարյանը, Սամվել Բաղինյանը, Անդրանիկ Զաքարյանը, Մեսրոպ Աբտոյանը, Արթուր Հարությունյանը, Արթուր Քուշքյանը և այլք:
Գլխավոր դերում ՀՀ Վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանն է:
Ի դեպ, Կեն Կիզիի հենց այս վեպի հիման վրա 1975 թվականին ռեժիսոր Միլոշ Ֆորմանի նկարահանած գեղարվեստական ֆիլմը դասվում է այն երեք ֆիլմերի շարքին, որոնք արժանացել են Օսկարի՝ միանգամից 5 անվանակարգերում:
«Ինքս ինձ հարց եմ տալիս՝ հրաշալի ֆիլմից հետո ինչի՞ համար եմ այս գործը բեմադրել: Հավանում եմ թե՛ ֆիլմը, թե՛ գրական ստեղծագործությունը, երկու դեպքում էլ ժամանակի մեջ մեծ գործ է արվել: Փորձել ենք խախտել ժամանակը, որովհետև այն ամենն, ինչ կատարվում է ստեղծագործության մեջ, ժամանակից դուրս է: Կարևորը ոչ թե ժամանակն է, այլ՝ նպատակը, թե ինչպես մարդը կփորձի ազատագրվել տիրող քաոսից: Այս գործը խիստ ժամանակակից հնչեղություն ունի», - նշեց Արմեն Էլբակյանը:
Բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Մերի Սարգսյանը:
Ի դեպ, ներկայացման համար հատուկ երաժշտություն է գրվել, որի կոմպոզիտորը Գարի Քյոսայանն է: Երաժշտական ձևավորումն ու պլաստիկան պատկանում է Հայկ Իսրայելյանին: