28/11/2019 17:12
ՊԵԿ-ը ուժեղացրել է հսկողությունը Գյումրու ավտոմաքսատանը և հորդորում է տուժած բոլոր անձանց դիմել ոստիկանություն
Պետական եկամուտների կոմիտեն վերջին օրերին տեղեկություն է ստացել Հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում գործող ԱՏԳ կենտրոնում (ք.Գյումրի) մաքսային հսկողության ներքո գտնվող ավտոմեքենաների առանձին մասերի գողության դեպքերի մասին:
Aysor.am-ին ՊԵԿ-ից հայտնեցին, որ այս կապակցությամբ մաքսային ծառայությունն ուժեղացրել է հսկողությունը ԱՏԳ տարածքում և դիմել ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ` նկարագրված դեպքերը հետագայում բացառելու և մեղավոր անձանց բացահայտելու ուղղությամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է նկարագրված դեպքերից տուժած բոլոր անձանց համապատասխան հաղորդումներ ներկայացնել ՀՀ ոստիկանություն:
Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Լորսաբյանը Գյումրու ավտոմաքսատանը երեկ տհաճ անակնկալի է եկել, երբ տեսել է, որ Հայաստան ներմուծված 2017 թվականի արտադրության «Կիա ֆորտե» մակնիշի իր ավոմեքենան մասամբ թալանված է և դրա վրայից բացակայում են մի շարք ավտոպահեստամասեր՝ աջ կողային հայելին, աջ անվաթևը, մարտկոցն, անվաթևերի տակ տեղակայված պաշտպանիչ պլաստմասե մասերը։ Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում արված լուսանկարներում բոլոր մասերը տեղում են։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Լորսաբյանը պատմեց, որ նոյմեբերի 22-ին մաքսատնից զանգահարել են իրեն և հայտնել, որ մեքենան Հայաստանում է, կարող է գնալ և վերցնել։