28/11/2019 14:15
Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի սկզբունքների խախտումն անընդունելի է. Փաշինյան
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ծայրաստիճան մտահոգիչ են, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
«Հայաստանը դատապարտեց վերջերս տեղի ունեցած Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք, որն ուղղակի սպառնալիք է ստեղծում այնտեղ բնակվող հայազգի բնակչության համար: Ազգային և կրոնական փոքրամասնությունները դառնում են ահաբեկիչների և նրանց հետևում կանգնածների հիմնական թիրախը: Բոլորս ցնցված էինք սիրիական Դեր Զոր նահանգի Ղամիշլի քաղաքի Հայ Կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովվի և նրա հոր դաժան սպանությունից», - ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով, հարևան ինքնիշխան պետության տարածք բռնի միջամտության իրական պատճառներն ակնհայտ են և ոչ մի ընդհանուր բան չունեն Թուրքիայի կողմից հայտարարված խնդիրների հետ:
«Թուրքիայի Հանրապետության կողմից միջազգային իրավունքի սկզբունքների խախտումն անընդունելի է և պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից: Հայաստանը սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մենք կշարունակենք ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին ամեն հնարավոր մարդասիրական օգնություն, որն այսօր նրանց համար այդքան անհրաժեշտ է», - նշել է վարչապետը: