28/11/2019 17:12
Իրաքի հարավում Իրանի հյուպատոսության վրա գրոհից հետո ուժեղացվել են անվտանգության միջոցները
Իրաքի իշխանություններն երկրի հարավային նահանգներում՝ Էն Նաջաֆում, ուժեղացրել են անվտանգության միջոցները՝ Իրանի հյուպատոսության վրա գրոհից և հրդեհումից հետո։ Ինչպես տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքը, միջոցներն ուժեղացվել են Բասրայում և Քերբելայում, որտեղ նույնպես կան Իրանի հյուպատոսական ներկայացուցչություններ:
Մինչդեռ, Էն Նաջաֆում մտցվել է պարետային ժամ հյուպատոսության դեմ գրոհից հետո։ Ցուցարարների մի խումբ այրել է շենքի մուտքը։ Կրակը տեղափոխվել է շենքի մնացած հատվածներ։ Ներկայում հրշեջները փորձում են մարել կրակը, հյուպատոսության շենքը լրիվ հոսանքազրկված է։ Ինչպես հաղորդել է As Sumaria հեռուստաալիքը, իրանական ներկայացուցչության վրա գրոհից հետո անվտանգության ուժերը հեռացել են համալիրից, և այն այժմ ոչ մեկի կողմից չի պահպանվում։ Շենքի առջև նախկինի պես ցուցարարների խումբը փորձում է խոչընդոտել հրշեջ մեքենաներին մոտենալ այրվող շենքին։
Քաղաքում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ հինգշաբթի այնտեղ հանգստյան օր է հայտարարվել պետական հաստատությունների բոլոր աշխատակիցների համար, բացի առողջապահության և ներքին գործերի մարմիններից։