28/11/2019 14:00
Նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասում, այլև նրանից դուրս. Փաշինյան
Ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են, ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանը այլընտրանք չկա, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Նա նշել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար:
«Կարծում եմ, որ նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաև նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանը աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով` հարավում, հյուսիսում, արևմուտքում և արևելքում», - նշել է Փաշինյանը: