28/11/2019 15:01
«Ալեքս ընդ հոլդինգ»-ը Երևանին նվիրել է 3 բազմաֆունկցիոնալ կամազ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակել է քաղաքապետարանին նվիրատվություն կատարած կազմակերպությունների և անձանց ցուցակը։
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի շարք տնտեսվարող կազմակերպություններ և անհատներ, քաղաքային տնտեսության զարգացմանն օժանդակելու նպատակով նվիրատվություններ են արել քաղաքին: Տեղեկացրել ենք նաև, որ քաղաքապետը մտադիր է տարեմուտից առաջ ամփոփել այս նվիրատվությունները և շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնել սոցիալական բարձր պատասխանատըվություն դրսևորած անհատներին ու կազմակերպություններին: Հասկանալի է, որ պարգևատրվածների անունները հանրության սեփականությունն էին դառնալու:
Այնուհանդերձ, հաշվի առնելով վերջին օրերին մամուլի հետաքրքրությունը հարցի շուրջ, և ձգտելով կասեցնել տարատեսակ շահարկումների հոսքը, հրապարակում ենք այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնց հետ այս պահի դրությամբ առկա են գույքի նվիրաբերման պայմանագրեր: Ընդգծում եմ, մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես և այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել: Մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո:
Եվս մեկ անգամ նշենք, որ Երևանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտի խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված պրակտիկա է: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրավիրում է Հայաստանում կամ արտերկրում բիզնես ծավալող բոլոր հայրենակիցներին՝ մասնակցել Երևանի զարգացմանը:
Եվ այսպես, այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են.
1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ
2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) - 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 - 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,
3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ,
4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,
5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ», - գրել է Հակոբ Կարապետյանը։
Հիշեցնենք, ավելի վաղ եղել էին հրապարակումներ, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին կամազներ է նվիրաբերել, ինչը, սակայն, քաղաքապետի կողմից հերքվել էր։