28/11/2019 14:41
Քաղաքացին տհաճ անակնկալի է եկել. Գյումրու ավտոմաքսատանը գողացել են ԱՄՆ-ից ներկրված նրա մեքենայի պահեստամասերը
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Լորսաբյանը Գյումրու ավտոմաքսատանը երեկ տհաճ անակնկալի է եկել, երբ տեսել է, որ Հայաստան ներմուծված 2017 թվականի արտադրության «Կիա ֆորտե» մակնիշի իր ավոմեքենան մասամբ թալանված է և դրա վրայից բացակայում են մի շարք ավտոպահեստամասեր՝ աջ կողային հայելին, աջ անվաթևը, մարտկոցն, անվաթևերի տակ տեղակայված պաշտպանիչ պլաստմասե մասերը։ Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում արված լուսանկարներում բոլոր մասերը տեղում են։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Լորսաբյանը պատմեց, որ նոյմեբերի 22-ին մաքսատնից զանգահարել են իրեն և հայտնել, որ մեքենան Հայաստանում է, կարող է գնալ և վերցնել։
«Բայց զբաղվածության պատճառով 5 օր շարունակ չկարողացա մաքսատուն գնալ։ Գյումրի գնացի երեկ և պարզեցի, որ այս ընթացքում մեքենայիս որոշ մասեր անհետացել են։ Առաջին բանը, որ արեցի, ներկրող ընկերության հետ կապ հաստատելն էր։ Իրենք հավաստիացրեցին, որ նկարներ ունեն, որոնք կարող են փաստել, որ կորած մասերն ի սկզբանե տեղում են եղել։ Ներկրող ընկերությունը հորդորեց դիմել մաքսատան ղեկավարությանը։ Այդպես էլ արեցի, սակայն ասացին, որ իրենց տարածքում տեսախցիկներ չկան, ոչինչ չեն կարող անել։ Ինձ խորհուրդ տվեցին դիմել ոստիկանություն, որտեղ էլ երեկ դիմել եմ», - պատմեց ֆեյսբուքյան օգտատերը։
Տիգրան Լորսաբյանից հետաքրքրվեցինք՝ հաշվարկե՞լ է, թե որքան է կազմել իր կրած ֆինանսական կորուստը։ Ի պատասխան՝ նա նշեց, որ եթե խոսքն օրիգինալ ավտոպահեստամասերի մասին է, ապա մոտ 300 հազար դրամ, իսկ ոչ օրիգինալ մասերի դեպքում՝ շուրջ 150 հազար։
«Ավտոմաքսատանն իմ ավտոմեքենայի նման թալանված այլ ավտոմեքենաներ ևս կային։ Նույնիսկ մարդիկ կային, որոնց ավտոմեքենաների բանալիներն էին գողացել։ Եվ սա այն դեպքում, երբ ավտոմեքենայի պահպանման համար մենք բոլորս վճարել էինք 6800 դրամ։ Չեմ կարծում, որ տեսախցիկների բացակայության պարագայում ոստիկանությունը կարողանա հայտնաբերել հանցագործներին։ Ինձ թվում է՝ ոստիկանության համար ավելի կարևոր գործեր կան, քան ավտոմեքենաների թալանի «մանր-մունր» գործերը։ Ստիպված մեքենաս տեղափոխել եմ Երևան և փորձում եմ գումար հայթայթել՝ այն վերանորոգելու, բացակայող մասերը գնելու համար», - եզրափակեց մեր զրուցակիցը։