28/11/2019 18:35
Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է
ՀՀ գլխավոր դատախազությունում առկա տեղեկատվության համաձայն՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է, Aysor.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Միհրան Պողոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նրա հետախուզման մեջ գտնվելու մասին ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարեց ապրիլի 15-ին, որից օրեր անց Պողոսյանը ձերբակալվեց Կարելիայում՝ հյուրանոցում գրանցվելիս։
Հայաստանի դատախազությունը հայտնեց, որ նրան արտահանձնելու գործընթացն սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել են ՌԴ, իսկ ապրիլի 23-ին պարզ դարձավ, որ ՌԴ դատարանը բավարարել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը։
Մեկ օր անց՝ ապրիլի 24-ին, Միհրան Պողոսյանի ռուս փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը դիմել է ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու համար։