29/11/2019 11:23
Վճարել 10 մլն դրամ և ծառայել մեկ ամիս. Հայկ Սարգսյանն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Պատգամավորը, մասնավորապես, առաջարկում է փոփոխություններ կատարել «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերում:
Նախաձեռնությունն ուղղված է կասեցնել քաղաքացիների շրջանում արտագաղթի ցանկությունը, նպաստել ներգաղթին՝ առաջարկելով այլընտրանքյաին ծառայության հնարավորություններ, որի արդյունքում ծառայությունից խուսափելու փոխարեն քաղաքացիները կարող են օրինական ճանապարհով ազատվել պարտադիր ծառայությունից՝ ծառայելով ընդհամենը մեկ ամիս:
Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելուց առաջ քաղաքացին պարտավոր է՝
1. ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ,
2. ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով: Այդ մեկ ամսվա ընթացքում սովորել զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, հաշվառվել կոնկրետ զորամասում, տալ զինվորական երդում և պարտավորվել ներկայանալ զորահավաքներին (նման կարգ գործում է Թուրքիայում, որտեղ սահմանված գումարը մուծելուց հետո զորակոչիկը ծառայում է 21 օր, և Ղազախստանում՝ 35 օր):
Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտնի շարունակել ծառայությունը զինված ուժերում, կարող է հետ ստանալ գումարը և ծառայել ևս 23 ամիս:
Նախագծով առաջարկվող 10.000.000 ՀՀ դրամի չափը հաշվարկվել է՝ հաշվի առնելով պաշտպանության բանակում պայմանագրային հիմունքներով ծառայող քաղաքացիների միջին աշխատավարձը: Արդյունքում վճարվող գումարով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կարող է ներգրավել 2 պայմանագրային զինծառայողների՝ ծառայության 2 տարի ժամկետով:
Ակնկլվում է, որ ներգրավված զինծառայողները կլինեն տարիքով ավագ և փորձառու, նրանց առաջնագծում տեղակայելով՝ կուժեղացնենք առաջնագիծը՝ առաջնագծից աստիճանաբար հետ բերելով 18 տարեկան մեր ժամկետային զինծառայողներին, ինչի մասին տարիներ շարունակ խոսում ենք, սակայն միջոցների անբավարարության պատճառով չենք կարողանում իրականացնել:
Օրենքի շրջանակում վճարվող գումարները հնարավորություն կտան շատ արագ բոլոր զորամասերում կառուցել ժամանակակից մարզասրահներ՝ հագեցած մարզական գույքով, լոգարաններով, որոշ տեղերում նաև լողավազաններով:
Սպորտային բարձր առաջադիմություն ցույց տվող, չծխող կամ ծխելը թողած զինծառայողներին կտրամադրվի լրացուցիչ զինվորական համազգեստ (այժմ համազգեստ ստանում են 8 ամիսը մեկ անգամ), դրամական խրախուսումներ, ազատ արձակումներ և արտահերթ արձակուրդներ: Սա կնպաստի զինված ուժերում ծառայող ծխող զինծառայողների թվի կտրուկ կրճատմանը, մարտունակության բարձրացմանը: